23 տարի անց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է 
22:08 - 01 դեկտեմբերի, 2023

23 տարի անց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է 

Քսաներեք տարի անց Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, քաղաքական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը։ Դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նրա որդուն՝ Խաչատուր Սիրադեղյանին, դատական նիստին մասնակցելու ծանուցում է ուղարկել։ Վերջինս այսօր ներկայացել է դատարան։

Խոսքն այն բազմադրվագ գործի մասին է, որի շրջանակում Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ է ներգրավված դեռ 1999 թվականից։ 

Հիշեցնենք՝ 1999 թ․ փետրվարի 19-ին Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գրեթե 3 ամիս անց՝ մայիսի 3-ին, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության  համար։

Ձերբակալումից ազատվելուց հետո Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը մինչեւ 2000 թ․ ապրիլ ամիսը, երբ Խորհրդարանը բավարարել է Դատախազության միջնորդությունը եւ զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի այդ որոշումից հետո նա լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ դարձյալ հայտարարվել է հետախուզում։

2000 թ․ ապրիլին դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրի հայտնի չլինելու հիմքով։

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը

Ավելի քան 2 տասնամյակ կասեցված մնալուց հետո՝ նախորդ տարի, գործի ընդդատությունը փոխելու անհրաժեշտություն է ծագել։ Բանն այն է, որ 2021 թ․ ընդունվել եւ 2022 թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի քրեադատավարական  նոր օրենդրությունը, որի շրջանակում սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ։ Ցանկում ներառված հանցագործությունների վերաբերյալ գործերը ենթակա են քննության ոչ թե Ընդհանուր իրավասության, այլ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում։ Ըստ այդմ, Ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնց դատաքննությունը դեռ սկսված չի եղել, պետք է ուղարկվեին Հակակոռուպցիոն դատարան։

Քանի որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մեջ եւս կան կոռուպցիոն բնույթի, հանցանքներ, նրա վերաբերյալ քրեական գործը 2022 թ․ հոկտեմբեր ամսին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մինչ օրս, սակայն, ըստ էության քննություն տեղի չի ունեցել։ Այսօրվա նիստին դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց՝ քրեական գործում առկա են տեղեկություններ, որ Վանո Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի կողմից լիազորված փաստաբանները նախկինում ծանոթացել են գործի նյութերին, ինչով պայմանավորված՝ դատարանը որոշել է ծանուցել որդուն, որպեսզի նրա հետ՝ որպես մերձավոր ազգականի, որոշակի հարցեր քննարկի, այդ թվում՝ գործի հետագա ընթացքի հետ կապված։

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է։ Այս կանոնը, սակայն, չի գործում, եթե մահացածի շահերի ներկայացուցիչը կամ իրավահաջորդը առարկում է դրա դեմ։ Նախկին նախարարը, հիշեցնենք, մահացել է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը

Գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը Խաչատուր Սիրադեղյանից հետաքրքրվեց՝ նա ցանկանո՞ւմ է որպես Վանո Սիրադեղյանի մերձավոր ազգական մասնակցել դատական նիստին եւ որպես իրավահաջորդ ներկայացնել նրա շահերը։ Սիրադեղյանը դրական պատասխանեց։ Իրավահաջորդի կարգավիճակ ստանալու համար նա պետք է առաջիկայում համապատասխան միջնորդություն ներկայացնի։

Դատավորը խնդրեց դրա հետ մեկտեղ ներկայացնել նաեւ Վանո Սիրադեղյանի մահվան վկայականը՝ նշելով, որ դատարանը փորձել է քրեադատավարական ճանապարահով պարզել մահվան հետ կապված որոշ հանգամանքներ, սակայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում այդ պահի դրությամբ առկա չի եղել տեղեկություն այն մասին, որ Վանո Սիրադեղյանը մահացած է։

Խաչատուր Սիրադեղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ խնդրեց անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, իրավահաջորդի կարգավիճակ ստանալու, ապա նաեւ գործի նյութերին ծանոթանալու համար, հայտնեց՝ դատական նիստին ներկայանալու ծանուցումից բացի իրենք որեւէ այլ տեղեկություն չեն ստացել։

Անդրադառնալով դատական նիստի տեսա եւ լուսանկարահանմանը՝ Եգորյանը նշեց, որ այս պահին առարկություն չունեն, բայց իրենց դիրքորոշումը կարող են հայտնել գործի բովանդակության մասին խորքային պատկերացում ունենալուց հետո միայն։

Մեր զրույցում փաստաբանը տեղեկացրեց՝ Խաչատուր Սիրադեղյանն այս պահի դրությամբ հոր մահվան հիմքով քրեական գործի կարճմանը համաձայն չէ, պահանջելու են շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Տիգրան Եգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել