2023 թվականին լրացավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակը։ Այս առիթով գրադարանում տոնական միջոցառում էր կազմակերպվել։
Ինչպես հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, շնորհավորելու էին եկել գրողներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ, որոնցից շատերի մանկությունն անցել է Խնկո Ապոր անվան գրադարանում։
Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ներկաներին և ասել, որ 90 տարվա ճանապարհ անցած, դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարած, բայց և նվաճումներ արձանագրած գրադարանն այսօր իր կայուն և առանձնահատուկ տեղն ունի հայաստանյան մշակութային դաշտում։
«Գրադարանը սոսկ մանկապատանեկան գրականության գրավոր ժառանգության պահոց չէ։ Այն արդեն 90 տարի Հայաստանում կրթամշակութային բազմազան ծրագրերի միջոցով ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում։ Մեր գրադարանի նպատակը մեկն է՝ որակյալ ծառայությունների մատուցմամբ ընթերցանության կազմակերպում և խթանում, իսկ առաջնահերթությունը երեխայի ընթերցելու իրավունքի պաշտպանությունն է»,- իր խոսքում նշել է Ռուզան Տոնոյանը։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրադարանին մաղթել է բեղուն գործունեություն և ընթերցողների քանակի ավելացում։
«Գրադարանում համատեղ բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ ենք իրականացրել։ Այս գործը պետք է շարունակվի։ Ով գիրք է կարդում, գրքի աշխարհում է մեծանում, չի կարող վատ կամ չար մարդ լինել։ Ուղղորդեք երեխաներին լավ գրքեր կարդալ»,- ասել է նա:
Ցուցադրվել է գրադարանի 90-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, որն արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով պատմում էր գրադարանի ստեղծման առաջին օրերից մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների, գրադարան այցելած հայ մեծերի մասին։
Գրադարանի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել է գրական ժանրերը բացահայտող թատերական ներկայացում՝ բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանի սցենարով։
Գրադարանի 90-ամյա հոբելյանի շրջանակում ընթերցասրահում կազմակերպվել էր նաև հնատիպ գրքերի, գրադարանին ընծայագրված և գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդես։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։
comment.count (0)