Լարսի մաքսային անցակետը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արտադրանք տեղափոխող բեռնատարների համար
17:22 - 04 դեկտեմբերի, 2023

Լարսի մաքսային անցակետը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։

Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով »,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հայկական կողմի բեռնատարները օրեր շարունակ Վերին Լարսի մաքսային անցակետում էին։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։

Ավելի ուշ ՀՀ ՍԱՏՄ-ից մտահոգիչ էին համարել այն, որ 2023 թ․ ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել