Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին մեղադրում է խաղաղության պայմանագրի կնքումն արհեստականորեն ձգձգելու մեջ
 |armenpress.am|
12:25 - 07 դեկտեմբերի, 2023

Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին մեղադրում է խաղաղության պայմանագրի կնքումն արհեստականորեն ձգձգելու մեջ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը։

Դա շատ բացասական եմ գնահատում։ Մենք էլ, նրանք էլ լավ գիտենք, թե ինչ առաջարկներ ենք մենք փոխանցել և ինչի շուրջ ենք բանակցում։ Հիմա անընդհատ դրա մասին խոսելը արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք իրոք խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում»,- շեշտեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի կարծիքով՝ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի հայերի նկատմամբ ատելության խոսքը, որը դարձրել են իրենց բրենդը։

«Հայաստանին չի կարելի մեղադրել նույնի մեջ, որովհետև Հայաստանում ընդդիմադիր գործիչները և լրագրողները մեզ մեղադրում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, հանդուրժող լինելու մեջ։ Պետք է հասկանալի լինի, որ, այո, ժամանակ կանցնի, ևչեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում։ Եվ այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար դա անլուծելի խնդիր է, ինձ համար անընդունելի են, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան  116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են»,- ասաց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել