Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Սիրիան և Հայաստանը քաղաքակրթական միասնության մեջ են, և Սիրիայի կառավարությունը մշտապես բարձր է գնահատել հայկական մշակույթը:
«Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման շատ մեծ դերակատարում կարող է ունենալ: Սիրիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին այդ գործում, քանի որ մենք հետաքրքրված ենք ընդլայնելու նաև մեր համագործակցությունն արվեստի տարբեր ոլորտներում»,- ասել է Նորա Արիսյանը: Նա նշել է երաժշտության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ տարբեր գործիքների, ուսուցիչների փորձի փոխանակմամբ, վարպետաց դասերի անցկացմամբ:
Դեսպանը տեղեկացրել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մատենադարանի ղեկավարության հետ, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախանշվել են Մատենադարանում հայկական և սիրիական ձեռագրերի ցուցահանդես, գիտաժողով կազմակերպելու հեռանկարները:
Դեսպանը կարևորել է նաև համագործակցությունը կինոյի ոլորտում՝ նշելով, որ նախապատերազմական տարիներին ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում հայ երիտասարդները Սիրիայում մասնակցել են կինոարվեստի ուսուցման կրթական ծրագրին:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները դեռևս համալսարանական տարիներից վավերագրական ֆիլմեր են պատրաստում: Ըստ փոխնախարարի՝ կինոյի ոլորտում Հայաստանը կարևորում է համագործակցության զարգացումն աշխարհի տարբեր երկրների հետ:
Հանդիպման ավարտին քննարկվել են համատեղ փառատոներ, մրցույթներ, մշակութային օրեր կազմակերպելու հնարավորությունները:
comment.count (0)