Օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը. Կարեն Անդրեասյան
09:39 - 14 դեկտեմբերի, 2023

Օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը. Կարեն Անդրեասյան

Ոչ միայն ձգձգումների, այլև շատ նուրբ և խորքային կոռուպցիոն ռիսկերի դեմ քայլ էր երկարատև թափուր պահվող հաստիքների և տարիներ շարունակ դատարկ մնացած ռեզերվային ցուցակների համալրումը: Ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Դատավորների պաշտոնները այդքան երկար թափուր պահելը կարող էր հնարավորություն տալ դատական իշխանության ամեն նոր ղեկավարությանն իր հայեցողությամբ և անձնական շահերից ելնելով համալրել դրանք:

Տեսականորեն այդ կարևոր պաշտոնները կարող էին արհեստականորեն թափուր պահվել` ապագայում «շահեկանորեն» համալրելու նպատակով: Առաջիկա մի քանի տարիների համար այդ ռիսկերն այլևս չեզոքացված են:

Դեռևս 2022 թվականին թափուր էր շուրջ 40 դատավորի պաշտոն: Ընդամենը 315 դատավորի հաստիքի և սարսափելի գերբեռնվածության պարագայում դա ահռելի թիվ է:

Ավելին` գրեթե բոլոր մասնագիտացումներով դատավորների ռեզերվային ցուցակները լրիվ դատարկ էին: Քանի որ մեկ դատավորի նշանակումը լավագույն դեպքում տևում էր մեկ տարի, իսկ մարդիկ բոլոր դատարաններում արդեն տարիներով սպասում էին իրենց գործերի հանգուցալուծմանը` անհրաժեշտ էին հրատապ և ռադիկալ քայլեր: Հրատապ կարգով ներդրվեց դատավորների ընտրության նոր հատուկ կարգը։

Այս ընթացակարգի համաձայն՝ դատավորների թեկնածուները 6-8 ամիս տևող վերապատրաստման փոխարեն անցնում էին Բարձրագույն դատական խորհրդում շատ բարդացված քննակարգերով: Նրանք գրավոր և բանավոր փուլերի հաղթահարումից հետո կարողացան շատ կարճ ժամանակում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։

Այս և այլ օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը, և բոլոր մասնագիտացումներով արդեն ըտրվել, վերապատրաստվել և իրենց նշանակման հերթին են սպասում մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ և ազնիվ մասնագետներ, որոնք ընդգրկված են դատավորների ռեզերվային ցուցակներում»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել