tert.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշումը։
«Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը ևս մի հանգամանքի է ուշադրություն հրավիրում․ Հայաստանում ռուսական ԶԼՄ-ների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 14-ին՝ ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով կառուցողական խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց։
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ անցկացված խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը։
Հիշեցնենք, որ ՀՌՀ-ի երեկվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։
comment.count (0)