Ադրբեջանը կրոնական ազատության լուրջ խախտումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հատուկ դիտարկման երկրների ցուցակում է
 |tert.am|
13:15 - 05 հունվարի, 2024

Ադրբեջանը կրոնական ազատության լուրջ խախտումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հատուկ դիտարկման երկրների ցուցակում է |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Կրոնի կամ հավատի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը այն պահից սկսած, երբ Կոնգրեսը 1998 թ.  ընդունել և կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը: Այս շարունակական հանձնառության շրջանակում, ես Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը ներառել եմ հատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցուցակում, որտեղ թույլ են տրվում կրոնի ազատության լուրջ խախտումներ:

Բացի այդ, ես Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը ներառել եմ հատուկ դիտարկման երկրների ցանկում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու համար:

Կառավարությունները պետք է վերջ դնեն այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունները և երկարատև բանտարկությունը խաղաղ արտահայտման համար, անդրազգային բռնաճնշումները և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը:

Շնորհիվ այն մարդկանց կայուն հանձնառության, որոնք չեն ցանկանում ընդունել ատելությունը, անհանդուրժողականությունը և հետապնդումը որպես ստատուս քվո, մի օր մենք կտեսնենք մի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ կապրեն արժանապատվորեն և հավասար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել