«Եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի»․ Պապոյան |aravot.am|
13:36 - 11 հունվարի, 2024

«Եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի»․ Պապոյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ, փաթեթի համահեղինակ Գեւորգ Պապոյանն ասաց, որ փոփոխությունների նպատակը հանրային սեփականության կառավարումը բարելավելն է։

«Հիմնական շեշտադրումները, որոնք արել ենք, հետեւյալն են՝ առաջինը, Հաշվեքննիչ պալատի անկախությունը որեւէ կերպ կասկածի տակ չդնել, երկրորդ, հստակեցնենք իր մանդատը, գործունեության շրջանակը, դրանով նաեւ Հաշվեքննիչ պալատին օժտենք անհրաժեշտ մարդկային ռեսուրսներով»,- ասաց նա։

Ըստ Պապոյանի՝ փաթեթի հեղինակները կարծում են, որ հանրային միջոցների օգտագործման ժամանակ պետությունն իրավունք ունի տեղեկատվության հասանելիություն ունենալ։ «Ինչի՞ մասին է խոսքը։ Ենթադրենք՝ պետությունն առողջապահության մեջ ծախսեր է կատարում, եթե քաղաքացին դա կատարում է իր գրպանից, բնականաբար, այս տվյալներին որեւէ կերպ հասանելիություն ունենալ հնարավոր չէ եւ դա մեզ հետաքրքիր էլ չէ, որովհետեւ այդտեղ հանրային միջոցներ չեն օգտագործվում։ Մոդելը հետեւյալն է՝  եթե կա որեւէ ծավալի տեղեկատվություն, որը հանդիսանում է պաշտպանված տեղեկատվություն, բայց հասանելի է սահմանափակ քանակով պետական մարմնում աշխատող մարդկանց, ապա նույն տրամաբանությամբ պետք է հասանել լինի Հաշվեքննիչ պալատի այն հաշվեքննողներին, որոնք այդ տեղեկատվության հետ գործ ունեն»,- ասաց նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշեց, որ գաղտնիք համարվող տեղեկությունների վերաբերյալ տվյալների հասանելիությունը միշտ բարձրաձայնվում է բոլոր վերահսկողական ու իրավապահ մարմինների կողմից։ «Երբ ես նայում էի՝ ձեր առաջարկվող փոփոխությունները, դուք ասում եք՝ այն մարմինների շարքում, որոնք նախատեսված են, որ պետք է ունենան հասանելիություն բժշկական գաղտնիքի նկատմամբ, պետք է լինի նաեւ Հաշվեքննիչ պալատը՝ հաշվեքննություն, ստուգում իրականացնելիս։ Դա ենթադրում է անսահմանափակ հասանելիություն հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդկանց բժշկական գաղտնիքներին, ի տարբերություն մնացած շատ դեպքերի, երբ քննչական մարմիններին, դատարանին տրվում է հասանելիություն շատ կոնկրետ՝ մեկ, երկու կամ այդ գործով անցնող սահմանափակ թվով մարդկանց բժշկական գաղտնիքին։ Կարծում եմ՝ այս քայլը կարող է նախադեպ հանդիսանալ, որ նաեւ օրինակ բերելով այս նորմը, օրինակ, վաղը Պետական վերահսկողական ծառայություն ուզենա հասանելիություն, ՊԵԿ-ն ուզենա հասանելիություն եւ բազմաթիվ այլ մարմիններ։ Եվ ի վերջո կհանգենք մի իրավիճակի, որ չկա բժշկական գաղտնիք, որովհետեւ այնքան շատ մարդիկ ու գերատեսչություններ ունեն հասանելիություն, որ աբսուրդ է այլեւս դա անվանել գաղտնիք։ Արդյոք չե՞ք կարծում, որ առնվազն պետք է ապանձնավորված տեղեկատվությանը հասանելիություն տալ եւ ոչ թե շտեմարաններին»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Գեւորգ Պապոյանը նշեց, որ առողջապահությունից ավելի շատ են խոսում, քանի որ այս ոլորտին ամեն տարի ավելի շատ փող է հատկացվում, բայց հայտնի չէ՝ դրանից ավելի առողջ դառնում ենք, թե չէ։ «Ես կարծում եմ, որ այդտեղ անհրաժեշտ է որոշակի ֆինանսական վերահսկողություն իրականացնել։ Բժշկական գաղտնիքի մասին՝ երբ որ քաղաքացին իր գրպանից վճարում է, դա սուրբ գաղտնիք է, դրան պետք չէ կպնել, որովհետեւ մարդն իր աշխատած գումարով գնացել է, բժշկական ծառայություն է ստացել։ Բայց, ներողություն, երբ հանրությունը 100 մլրդ դրամ եւ ավելի գումար է տալիս առողջապահությանը, իրավունք չունի՞ իմանալու, թե այդ փողերը ո՞նց են ծախսվել։ Կարող է որեւէ գյուղական ամբուլատորիայի բժիշկ այդ գյուղում չապրող մարդկանց վրա փողեր է դուրս գրում, դեղեր է դուրս գրում, եսիմ ինչեր է անում, եւ պարզում ենք, որ այդ մարդն ընդհանրապես Հայաստանում չէ։ Բա եթե անձնական տվյալներին հասանելիություն չունենանք, խոպանում գտնվող մարդու վրա գյուղի ամբուլատորիան ինչքան փող ուզի՝ կգրի։ Արդյունքում՝ այն մարդը, որն այս բժշկական օգնության կարիքն ուներ, չի ստանա բժշկական օգնություն, կասեն՝ պրծել է առողջապահական փաթեթը։ Ես կարծում եմ, որ մենք բավարար շատ փող ենք տալիս առողջապահությանը, որը կարող է բավարարել շատ ավելի շատ մարդկանց անհրաժեշտ բուժօգնությանը, բայց հենց տեղերում այդպիսի մարդկանց պատճառով եւ այս հաշվեքննությունների բացակայության պատճառով այդ մարդիկ հնարավորություն ունեն պետական բյուջեի միջոցները գողանալ։ Կան այդպիսի ողջամիտ կասկածներ։ Եվ այդ կասկածները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողացել այդպես ուղիղ գնալ այդ փողերի հետեւից»,- հավելեց Պապոյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել