Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի առաջին նիստը:
Մինչ ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերի քննարկումը, Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել Համահայկական ամառային խաղերի կազմակերպմանը: «Կարծում եմ, որ մեր հանրությունը, Սփյուռքի հայրենակիցներն էլ տեսել են այն արդյունքները, որոնք ունեցել ենք: Այս տեմպը պետք է պահենք և միասին շարունակենք մեր աշխատանքը: Այդ առիթով կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ներդրած ջանքերի համար»,- նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վստահություն հայտնել, որ ձմեռային խաղերը, որոնց անցկացումը նախատեսվում է 2025 թվականի փետրվարին, նույնքան արդյունավետ կանցնեն և կդառնան տոն բոլորի համար:
1999 թվականից անցկացվող ամառային վերջին խաղերը մասնակիցների թվով եղել են աննախադեպ և ռեկորդային. 7161 մասնակից՝ 42 պետությունից և 180 քաղաքից:
Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը պարգևատրվել են Ոսկե մեդալով: Արայիկ Հարությունյանը հանձնել է պարգևները նիստին ներկա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Մյուս պարգևատրվածների պարգևները կփոխանցվեն:
Այնուհետև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է հաշվետվություն Համահայկական ամառային խաղերի անցկացման նպատակով իրականացված ծախսերի վերաբերյալ:
Հաջորդիվ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են խաղերի անցկացման վայրին, ժամկետներին, մարզաձևերին, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ:
comment.count (0)