Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին
22:56 - 11 հունվարի, 2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։

«Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ Պետությունը, որը օրգանապես Հայաստանի և հայկականության հետ կապված տարածքներ է բռնակցել և օկուպացրել, ինչպես, օրինակ, հայկական Նախիջևանը, պատմական Գարդմանը և վերջապես Լեռնային Ղարաբաղը, երեսպաշտորեն խոսում է պատմական անարդարության մասին։

Ադրբեջանի նախագահի՝ պատմության վերաբերյալ գիտելիքները և դրանց մեկնաբանությունները հավելյալ պարզաբանումների անհրաժեշտություն են առաջացնում։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է այն պնդմանը, թե 1918թ․ մայիսի 28-ին Ադրբեջանի անկախության հռչակումից հետո Երևան քաղաքը տրվել է Հայաստանին։ Ողջ ադրբեջանական պատմագիտությունը կկարողանա՞ պատասխանել հետևյալ հարցին․ ո՞ր ուժի վերահսկողության տակ էր 1918թ․ մայիսին գտնվում Երևանը և արդյո՞ք բազմահազարամյա պատմության ընթացքում այս տարածաշրջանում գոյություն ունեցել է «Ադրբեջան» անվամբ պետություն, որը ընդգրկել է Երևանը կամ երկրամասի որևէ բնակավայր։ Պատասխանը չափազանց պարզ է․ Երևանը, որի հայկականությունը վկայված է ոչ միայն հայկական, այլև օտար բազմաթիվ աղբյուրներով, 1918թ․ մայիսին գտնվում էր հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, որոնք իրապես հերոսական պայքար էին մղում Երևանի մատույցներում օսմանյան բանակի զորքերի դեմ։

Մեկ այլ խնդիր է՝ արդո՞ք նորահռչակ Ադրբեջանը՝ որպես պետություն, ուներ բավարար հնարավորություն ինքնուրույնաբար հավակնություն ներկայացնելու Երևանի կամ առհասարակ որևէ տարածքի նկատմամբ, երբ անգամ Բաքու քաղաքը Ադրբեջանի խամաճիկային կառավարության վերահսկողության տակ չէր, իսկ առաջին մայրաքաղաք Գանձակում Նուրի փաշայի մենիշխանությունն էր տիրում։ Հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ 1918 թ․ հունիսի 17-ին հենց Նուրի փաշայի հրամանով լուծարվեց Խան Խոյսկու գլխավորած առաջին կառավարությունը, իսկ նոր կառավարության կազմում բացակայում էր ռազմական նախարարը և վերջինիս ֆունկցիաներն իր վրա էր վերցրել հենց Նուրի փաշան։

Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահը ազնվորեն պատասխանել այն հարցին, թե ինչ էր իրականում Ադրբեջանը, եթե ոչ Օսմանյան կայսրության բռնազավթման տակ գտնվող տարածք, այն պարագայում, երբ Հայաստանում մարտնչող հայկական զորքը ինքնուրույնաբար ձեռք բերեց սեփական անկախությունը։

Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը կարծես միտումնավոր մոռացության է մատնում հայկական մշակութային ժառանգականության այն հզոր շարունակականությունը, որը միջազգայնորեն արձանագրված է Երևանում և ողջ հայկական լեռնաշխարհում։ Մինչդեռ «ադրբեջանականության» մասին խոսելիս խորհուրդ կտանք Ադրբեջանի նախագահին արդարացիորեն մասնավորեցնել, թե այդ ձևակերպման տակ յուրացված ո՞ր մշակույթը նկատի ունի՝ պարսկակա՞ն, արաբակա՞ն, կովկասյա՞ն, հայկակա՞ն թե համընդհանուր մուսուլմանակա՞ն։

Ուստի, հորդորում ենք Ադրբեջանի նախագահին այլ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ծավալապաշտական հայտարարություններ անելուց առաջ խորապես ուսումնասիրել պատմական անցյալը, այլապես արված սյուռքաղաքական հայտարարությունները զվարճախոսական տրակտատի տպավորություն են թողնում, որը ստվերված է ռազմականացման և մարդու իրավունքների համակարգային ոտնահարման բազմակի փորձառությամբ և ուժի ու բռնատիրության վերարտադրման գաղափարի գերակայությամբ»,-ասվում է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել