«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը
23:09 - 19 հունվարի, 2024

«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Գասպարյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ գումարտակի կազմով մարտական առաջադրանք էր ստացել՝ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար՝ պաշտպանության։ Այսօր՝ ավելի քան 3 տարի անց, նա դատարանում ներկայացնում էր սարում տեղի ունեցած դեպքերը։

Գասպարյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակից էր։ Այն նույն գումարտակի, որի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա կալանավորված է։

Հարցաքննության սկզբում Ալբերտն ասաց, որ ծառայությունից ճանաչում է Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին, թե ինչու ինքնակամ չէր ներկայանում դատարան, վկան պատասխանեց, որ չէր հարմարեցնում․

–Չէ՞ որ Ձեզ էլ է վերաբերում այս գործը, Ձեր համածառայակիցներին․․․ Դուք էլ պետք է շահագրգռված լինեք, դա քաղաքացիական պարտք է,– նշեց դատավորը։

Ըստ վկայի՝ զորքը բարձրացել է սարը, Վահանյանը մնացել է դրա ներքեւում

Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ վկա Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ պատերազմի սկզբում եղել են Ջրականի դիրքերում, այնտեղ մնացել մի քանի օր։ Եղել է հրամանատարական դիտակետ, որից ինքը գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վահանյանին, որն այդ ժամանակ դեռ իրենց շտաբի պետն էր, տեսել է, բայց նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այդ օրերին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ զոհվել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը։ Որեւէ այլ սպայի, այդ թվում՝ Վահանյանի վիրավորման մասին վկան չի լսել։ 

Դրանից օրեր անց նահանջել են Հադրութ, մեկ օր մնացել Հադրութի զորամասում, ապա տեղափոխվել դպրոց։ Դպրոցում եւս, ըստ վկայի, Վահանյանը առաջին հայացքից վիրավորում ստացածի տպավորություն չի թողել։

– Ինչպե՞ս կբնութագրես Վահանյանին,– հարցրեց մեղադրողը։

– Նորմալ,– պատասխանեց վկան։

– Նորմալ հասկացություն ծառայության մեջ չկա, կա պատասխանատու, կա քաջ,–  արձագանքեց դատավորը։

– Քաջը քաջ չէր․․․

–Նրա հրամանները կատարո՞ւմ էիք։

– Մինչեւ սար բարձրանալը կատարում էինք։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը

Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցածի մասին՝ վկան պատմեց, որ ինքը տեղակայվել է վիշկայից մոտ 10 մետր վերեւ, իսկ Վահանյանը գտնվել է ներքեւում՝ դեպի սար բարձրացող արահետի սկզբում, որտեղ նաեւ մեքենաներն էին։ 

Երբ հարձակումը սկսել է, ողջ ընթացքում որեւէ հրաման, այդ թվում՝ Վահանյանից չի լսել։ Նրան հանդիպել է, երբ վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վիրավոր կար, իջեցնում էինք, որ դնեինք մեքենան, տանեին, էդ ժամանակ տեսել եմ Վահանյանին, ավտոմեքենաներից մի քիչ առաջ․․․ Կանգնած էր, ռացիայով խոսում էր, բայց չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ էր անում․․․ Արտառոց վարքագիծ չեմ նկատել,  նորմալ էր»,– պատմեց վկան՝ նշելով, որ այլեւս սար չի բարձրացել, որովհետեւ զորքը արդեն նահանջելիս է եղել․ «Վահանյանին տեսանք ՈՒՌԱԼ–ի մեջ նստած, ինքը գնաց, մենք մնացինք մինամյոտի պետի (Հովհաննես Մուրադյան) եւ կապի պետի (Արսեն Ղարիբյան) հետ»,– ասաց վկան։

Վկան չմտաբերեց, թե ներքերում որեւէ մեկը բեկորային վնասվածք ստացած լինի․ ասաց՝ այդ ուղղությամբ կրակում էին, բայց պայթյուններ չեն եղել։ Նշենք, որ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, բեկորային վնասվածք է ունեցել, սակայն դատարանում հարցաքննված անձինք բացառել են այդտեղ բեկորային վնասվածք ստանալու հավանականությունը, ենթադրել, որ Վահանյանն իր ավելի վաղ ստացած վիրավորման պատրվակով է թողել գումարտակին։

– Վահանյանի մեքենա նստելը տեսե՞լ եք։

– Չէ։

– Ի՞նքն էր վարում։

– Չէ, ուրիշ մարդ էր վարում, ինքը կողքը նստած էր, բայց մեր գումարտակի մեքենաներ չէին։

– Իսկ իմացա՞ք՝ ինչի է նստել, չփորձեցի՞ք դուք էլ հետը գնաք։

– Էդ ժամանակ էլ հետաքրքիր չէր, մեր գումարտակի հրամանատարն էր, մեքենայով գնացել է, մենք ոտքով չէինք կարող իր հետեւից գնալ, կամ նստեինք էդ մեքենան։

– Փորձեիք կանգնեցնել մեքենան․․․

– Էդ ժամանակ խառն էր իրավիճակը, ո՞վ կմտածեր կանգնեցնել մեքենան։

Ըստ վկայի՝ զորքի ղեկավարումը որեւէ մեկը չի ստանձնել

Վահանյանի հեռանալուց հետո պարտականությունների կամ կապի միջոցի փոխացում, ըստ վկայի չի եղել։ Կոնկրետ որեւէ մեկը չի ստանձնել զորքի ղեկավարումը, իրենց ուղղորդել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու ականանետային մարտկոցի հրամանատար Արսեն Ղարիբյանը։ Նահանջի ժամանակ, երբ հակառակորդը դարձյալ կրակ է արձակել զորքի ուղղությամբ, իրենք բաժանվել են․ Ալբերտը մնացել է Հովհաննես Մուրադյանի 100-հոգանոց խմբի հետ։ 

Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են մի գյուղի ուղղությամբ, որի անունը վկան չմտաբերեց։ Այդտեղ դարձյալ հարձակման են ենթարկվել։ Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքը՝ ձեռքից վիրավորվել․  «Մենք մտել էինք կիրճը, մեր կեսը դեռ չէր հասել, հարձակումը որ սկսվեց, կեսը հետ գնացին, մենք դիմակայելով իջանք ներքեւ, Մուրադյանը էդտեղ զոհվեց նռնակի եւ դիպուկահարի հարվածից, վիրավորներ կային, գրադ բացեցինք իրենց ուղղությամբ, որ վիրավորներին հանեինք, գնացինք էդ գյուղ, մի տան պադվալ մտանք»։

Ամբաստանյալ Իշխան Վահանյանը

Ալբերտի խոսքով՝ տանը մնացել են մեկ օր, առավոտյան 10-ից ավելի հոգով դուրս են եկել․ վիրավորներից երկուսը այդտեղ զոհվել են (մեկը եղել է Տիգրան Ագանեսյանը, մյուսին վկան չէր ճանաչում), հադրութեցի ծառայակցի հուշումով շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Ճանապարհին հանդիպել են 3 պայմանագրայինի, նրանց հետ միասին քայլել, 2-3 ժամ անց հանդիպել «Դուց»–ի զորքին․ ««Դուց»–ի զորքը փրոձել է կապի դուրս գալ մեր հրամանատարների հետ, կապ չլինելու պատճառով մեզ հետ են բերել, իրենք գալիս էին Հայաստան»։

Ըստ վկայի՝ իրենք չեն իմացել, որ գյուղի այլ տներում նույնպես թաքնված զինծառայողներ կային։

Խնձորեսկի զորամասում վկան վիրակապվել է, ապա՝ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Նկատել է, որ նա ոտքից կաղում է, սակայն այդ թեմայով զրույց, ըստ նրա, չի եղել։

Մեկշաբաթյա մայրական խնամքից հետո վկան վերադարձել է ռազմի դաշտ։ Երկու օր անց պատերազմն ավարտվել է։

Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային

Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք էական հակասություններ ունեին դատաքննական ցուցմունքի հետ։

Մեղադրողը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021 թ․ փետրվար ամսին, պատմել, որ 30 զինծառայողների հետ միասին, կատարելով Վահանյանի հրամանը, բարձրացել է սար, սակայն Վահանյանը մնացել է թիկունքում, որտեղից վերեւ բարձրանալու հրամաններ է տվել։ Վերջինիս թիկունքում մնալը վկան այդ ժամանակ պայմանավորել է նրանով, որ  նա չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ եւ ցանկացել է իրենց ուղարկել։ Դատարանում, սակայն, նա ասաց, թե իր կարծիքով՝ նա մնում էր ներքեւում, որպեսզի կարողանար զորքի հրամանատարությունը իրականացնել։

«Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը

Մյուս հակասությունը վերաբերում էր Վահանյանի մեքենան կանգնեցնելու դրվագին։ Նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ մեքենայի շարժվելուց հետո 3 զինծառայող փորձել են այն կանգնեցնել այն, նստել, ինչը, սակայն, դատարանում չնշեց։ Մեքենան, նրա խոսքով, չի կանգնել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց, ասաց՝ եղել է նման բան։

Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր նաեւ, որ տեսել է Վահանյանի մեքենա նստելը․ «Գտնվել եմ Վահանյանից մոտ 10 մետր հեռավորության վրա, այդ ընթացքում տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենայի ղեկին, ապա գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,– ընթերցեց մեղադրողը։

Ցուցմունքի այս դրվագը, սակայն, Ալբերտ Գասպարյանը չպնդեց․ «Ես չեմ հիշում, որ տենց բան ասած լինեմ, ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմը նստած, վարորդը վարում էր, ինքն էլ կողքին նստած էր»,– ասաց վկան՝ նշելով, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել