aysor.am: Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն առևանգվել է:
Նա ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայրապետյանին վախեցրել, սպառնացել են.«Իմ հորդորով Նարինեն դիմել է ոստիկանություն: Այս պահին նա կապից դուրս է եկած, մեր տեղեկություններով՝ Հայաստանում չէ»:
Հարցին՝ տիկին Հայրապետյանը կասկածներ ունի՞, թե ովքեր կարող են լինել՝ Թևանյանը նշեց.«Չէ, չի ճանաչում այդ մարդկանց, ում հետ շփվել է: Մենք իրավապահներից պահանջում ենք դեպքի շուտափույթ բացահայտում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, քանի որ սա ոչ ստանդարտ իրավիճակ է ավագանու անդամի հետ կապված: Նրա հետ վերջին անգամ շփվել ենք ուրբաթ օրը»:
Նշենք, որ այսօր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:
comment.count (0)