Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ
20:23 - 25 հունվարի, 2024

Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։

ԱԱԾ-ն նշում է, որ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ), և որ Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների միջոցով:

«Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ», - ասված է հաղորդագրության մեջ:

Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել