tert.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերահաստատել է Ռուսաստանի հետ տարածքային վեճերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու իր մտադրությունը։ Միաժամանակ Կիսիդան հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդլայնման շարունակման մասին, գրում է kommersant.ru-ն։
«Ռուս-ճապոնական հարաբերությունները բարդ իրավիճակում են հայտնվել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով, սակայն Ճապոնիան հավատարիմ է մնում տարածքային խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը ուղղված կուրսին», - ասել է վարչապետը:
2022 թվականի վերջին Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների համար պայմաններ չի տեսնում։ 2023 թվականի հունվարին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունն անհնար է, քանի որ Ճապոնիայի իշխանությունները չեն հրաժարվում իրենց «հակառուսական կուրսից»։
Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագրի մշակման շուրջ։ Դրա գլխավոր խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի իրավունքների շուրջ անհամաձայնությունը։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների սեփականությունը։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ, որն ունի համապատասխան միջազգային իրավական բազա, կասկածից վեր է։
comment.count (0)