ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովում
13:28 - 01 փետրվարի, 2024

ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 23-րդ տարեկան համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում շնորհավորել է ԱՏՁՄ ներկայացուցիչներին եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախորդ երկու տարիներին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կտրուկ աճի տեմպերին, խոսել այն կարեւոր հանգամանքների մասին, որոնցով պայմանավորված էլ բնագավառի հազարավոր ինժեներներ եւ հարյուրավոր ընկերություններ նախընտրել են գալ Հայաստան: «Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ դա 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության անմիջական արդյունքն է: Պետության մեջ կոռուպցիայի ընկալման համաթիվը, կոռուպցիայի աստիճանը, տնտեսության ակտիվությունն ու ավելի ազատականացումը եւ մարդկանց համար ստեղծված նոր իրավիճակը հանգեցրել են այն իրողությանը, որ ավելի շատ ընկերություններ են նախընտրում գործունեություն ծավալել եւ նեդրումներ կատարել Հայաստանում»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը: Որպես երկրորդ կարեւոր հանգամանք՝ նա ընդգծել է Հայաստանում գոյություն ունեցող եւ զարգացած ԲՏԱ ոլորտը. մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները նախընտրել են Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Երրորդ հանգամանքը, ըստ ԱԺ փոխխոսնակի, հյուրընկալելու եւ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու հայ ժողովրդի, հասարակության ունակությունն ու պատրաստակամությունն է:

Անդրադառնալով ապագայում իրականացվելիք ծրագրերին՝ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ այս փուլում ուժերը պետք է կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը բնագավառի զարգացման առումով բարձր է գնահատել նախորդ տարի Վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը: Նա գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ մեր երկրում կայացած են ասոցիացիաները եւ կարողանում են բիզնեսի շահերը ճշգրիտ ու ամբողջական ներկայացնել իշխանություններին, ոլորտի շահառուներին: «Այս տարի մենք նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, եւ ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել եւ մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»,- եզրափակել է խոսքը Հակոբ Արշակյանը:

Համաժողովում բացման խոսքով ելույթներ են ունեցել եւ ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին, աջակցության ծրագրերին են անդրադարձել նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Համաժողովին մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել