azatutyun.am: Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն ափսոսանք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ադրբեջանական լրատվամիջոցների արշավի կապակցությամբ։
«Ցավում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն քննադատություն են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին», - X-ի իր էջում գրել է Միխալկոն՝ շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։
Նա վերահաստատել է՝ առաքելության նպատակը կայունության և վստահություն ամրապնդելն է։
«ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը», - եզրափակել է դեսպանը։
Օրերս Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները փորձում են կապ գտնել նրա և ԵՄ դիտորդական առաքելության միջև՝ Չեխիայի քաղաքացուն մեղադրելով լրտեսության համար։
comment.count (0)