aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հիմնական հարցադրումները հնչեցրին նախագծում ներառված «զուգընկեր» ձեւակերպման վերաբերյալ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանին․ «Ինձ թվում է՝ ամենակարեւոր բաղադրիչներից մեկը զուգընկեր բառի ներմուծումն է օրենսդրության մեջ։ Մեջբերում եմ՝ «զուգընկերը դա անձ է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»։ Կարո՞ղ եք ինձ բացատրել, ի՞նչ է նշանակում՝ «առկա է սիրային կապ՝ անկախ սեռական հարաբերությունից»»։
Բաթոյանն ասաց, որ խոսքն այն մասին է, որ պետք է օրենքով սահմանվի բռնություն կիրառողների կամ ենթադրյալ բռնության ենթարկվողների շրջանակը։ «Եվ այդ շրջանակից դուրս էին մնում այն անձինք, որոնք նշանված են կամ ընկերներ են, զուգընկերային հարաբերություններ ունեն, բայց նրանց միությունը զագսով ամրագրված չէ»,- հավելեց Բաթոյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Այնուամենայնիվ, այս օրենքի ընդունման հիմնավորումը, հրամայականը, վիճակագրությունը պատշաճ ներկայացված չէ։ Ի՞նչ տարբերություն՝ նշանվածների մեջ է տեղի ունենում բռնությունը, թե՞ ծանոթների մեջ։ Եթե քրեորեն պատժելի արարք է, ուրեմն քրեորեն պատժելի արարք է։ Միջանձնային հարաբերությունները գործի քննության ընթացքում, նախաքննության ընթացքում լիարժեք բացահայտվում են, ներկայացվում են։ Դուք բերել եք արհեստականորեն ներմուծում եք ինչ-որ բաներ, որոնք նաեւ հանրության մոտ լրացուցիչ կասկածների տեղիք են տալիս։ Եթե այլ պաշտպանական մեխանիզմների մասին է խոսք գնում՝ աջակցության սխեմաների, աջակցության մասին խոսեք։ Հասկացություն սահմանելով կամ գնահատական տալով՝ դուք ի՞նչ ընտանեկան արժեքներ եք պաշտպանում»։
Բաթոյանն ի պատասխան ասաց, որ այս օրենքն ու նախագիծն ընդհանրապես ընտանեկան արժեքների մասին չեն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ասաց․ «Ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը։ Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ։ Ես առաջարկում եմ, որ հստակ նշվի, որ զուգընկերն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներն են։ Դա անպայման պետք է նշվի, որովհետեւ սա արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ։ Առաջարկում եմ, որ այս մասը վերաձեւակերպեք եւ հստակ լինի, որ խոսքը կնոջ եւ տղամարդու մասին է»։
Բաթոյանը նշեց․ «Մենք սահմանել եքն զուգընկերը, եւ այս օրենքով կանխարգելման ու բռնության արգելքի մասին է խոսքը։ Մենք իրավասու չենք սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր։ Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը»։
Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Ես էլ պնդում եմ, հայտարարում եմ, որ եթե անձն ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին, իրենք այլեւս մեր պաշտպանության ներքո չեն գտնվելու այս օրենքի շրջանակներում, որովհետեւ դա արդեն զուգընկերություն չէ, դա արդեն ուրիշ բան է, ուղղակի բառը չասեմ, թե ինչ է։ Մենք պետք է պաշտպանենք ավանդական ընտանիքը, ավանդական ընտանիքի թե տղամարդուն, թե կնոջը, թե հարսին, թե սկեսուրին։ Ես կողմ եմ, որ ընտանիքում բռնություն չլինի, հարսը սկեսուրին չծեծի կամ հակառակը, բայց երբ այս օրենքով մենք փորձ ենք անում պաշտպանել մեկ այլ խմբի, որը խաթարում է պետության, ընտանիքի հիմքերը, նվազեցնում է ծնելիությունը, նպաստում թմրամոլության աճին, այդ խմբին ես ու մենք պետք է միասնական լինենք ու չպաշտպանենք։ Ես առաջարկում եմ, որ դուք փոխեք ձեր մոտեցումը, որովհետեւ այդ քայլով մենք քայլ ենք անելու դեպի ընտանիքի, պետության հիմքերի վերջնական խաթարմանը։ Հայաստանը ոչ Կալիֆորնիա է, ոչ էլ Ամստերդամ»։
Բաթոյանն ասաց, որ այս պահին Հայաստանի Սահմանադրությունն ու գործող օրենսգիրքը որեւէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)