Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը
 |armenpress.am|
15:15 - 07 փետրվարի, 2024

Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց անհիմն մեղադրանքներ չվերագրեն և ջուր չլցնեն Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ջրաղացին:  

Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր ելույթում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որում վերջինս իշխանություններին մեղադրում էր ադրբեջանական թեզեր տարածելու մեջ։

«Որևիցե մեկը չի ասում, թե Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. այն, որ նրանք թշնամաբար են տրամադրված, դա փաստ է: Իսկ մենք վերջին 100-ամյակի ընթացքում ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների հանդեպ, իհարկե, հասկանալի պատճառով: Նույն ձև թշնամաբար ենք տրամադրված եղել, նմանապես թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների համար: Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու»,-ասաց ԱԺ նախագահը:

Գառնիկ Դանիելյանը նշել էր, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, որ հարձակում տեղի կունենա Հայաստանի նկատմամբ, ինչի մասին Ադրբեջանում և Թուրքիայում բացեիբաց խոսում են։

Հայաստանի ԱԺ նախագահն էլ նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրն ապահովագրել հետագա այնպիսի զարգացումներից, որոնց երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: «Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելեց՝ հաճախ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են: «Կապ եմ տեսել դրանց մեջ: Բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում»,-ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց՝ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ունեն իրենց սխալները: «Իսկ կարո՞ղ է նաև այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին: Բավական է, որ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները, վերցնում են այդ նարատիվը: Դուք ասում եք, թե մենք ենք դա վերցրել, մենք ասում ենք, թե դուք եք վերցրել: Դա  պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու մենք»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել