news.am: Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։
Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։
Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,- նշել է Աբրահամյանը:
Նշենք, որ այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր գրառում արել եւ տեսանյութ հրապարակել. «Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ»,- գրել էր նա:
comment.count (0)