ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Զրույցի սկզբում կողմերը կարևորել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ
հարաբերությունների զարգացումը միջպետական և միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով:
Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Դեսպանն իր խոր մտահոգությունն է հայտնել դեպքի առնչությամբ և ընդգծել, որ Ֆինլանդիան միջազգային գործընկերների հետ կշարունակի հետևել Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացին՝ փորձելով նպաստել խաղաղության հաստատմանը:
Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացները:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
comment.count (0)