Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից
19:23 - 14 փետրվարի, 2024

Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:

Հրամանագիրն ստորագրվել է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի»։

Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ է փետրվարի 14-ին հայտարարել  պաշտոնը թողնելու մասին։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020թ․ համեմատ 2023թ․ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։

Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ․ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020թ․ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։

Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- գրել է Քերոբյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել