Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ իր օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային  գյուղերի կենսական նշանակության տարածքներ․ Փաշինյան
11:24 - 15 փետրվարի, 2024

Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ իր օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ․ Փաշինյան

Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ և ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին։

Վարչապետը հիշեցրեց, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր, Հայաստան-Ադրբեջան սահմանին վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել, և վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա խոսքով այս հայտարարությունից հետո ՀՀ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրահանգ կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել, և, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ:

«Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք:

Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրությունն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, դեռևս 2022-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը․ «ՀՀ-ն, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն՝ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն:

Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը»։

Նրա խոսքով այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։ 

«Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը։ Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային  գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս 4-ն ու 31-ը վերաբերում են ոչ անկլավային գյուղերին։

Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն»,- ասաց նա։

ՀՀ վարչապետը նշեց, որ պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան․ «Սա կառուցողական դիրքորոշում չէ։ Եվ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն իսկ պայմանավորված են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել