azatutyun.am: Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրին:
Վաշինգտոնը մտադիր է ռուս ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածը քննարկել դաշնակից երկրների հետ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանց հավելյալ մանրամասների։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է՝ Նավալնիի մահը խոսում է Պուտինի համակարգի «թուլության ու նեխածության» մասին:
«ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն համարում է ռուսական ռեժիմին»,- X-ում գրել է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է՝ ցնցված է ռուս քաղաքական գործչի հետ տեղի ունեցածից: «Սա վկայում է այն մասին, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը։ Ցավոք սրտի, այս գործընթացը վաղուց է սկսվել, այն վաղուց է հեռացել ժողովրդավարությունից», - նշել է Շոլցը։
«Լինելով ռուսաստանյան ժողովրդավարության ամենավառ պաշտպանը՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
«Կրեմլի կողմից սպանված», - պնդել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը։
«Ինչ էլ մտածեք Ալեքսեյ Նավալնիի՝ որպես քաղաքական գործչի մասին, քիչ առաջ նա դաժանաբար սպանվել է Կրեմլի կողմից։ Դա փաստ է, և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ներկայիս ռուսաստանյան ռեժիմի իրական էության մասին», - գրել է Լատվիայի առաջնորդը։
Ռուսաստանը պետք է պատասխանի լրջագույն հարցերի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պահանջելով պարզել 47-ամյա քաղաքական գործչի մահվան բոլոր հանգամանքները։
«ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների ակնթարթային արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանի հասցեին ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
comment.count (0)