Սաղաթելյան. «Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի»
 |azatutyun.am|
17:08 - 21 փետրվարի, 2024

Սաղաթելյան. «Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի» |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք այսօրվանից, վերջին 10 օրվա մեջ գրեթե ամեն օր տարբեր մարզերում, քաղաքներում սկսել ենք հանդիպումների շարք մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, որոնց բացատրում ենք էն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն նաև սահմանադրական հանրաքվե տեղի ունենալու դեպքում», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք չենք նստելու սպասենք և առաջիկայում ավելի լայնածավալ մասշտաբով աշխատելու ենք մեր ժողովրդի հետ։ Իրենք, իմ կարծիքով, փորձում են ուսումնասիրել հասարակության տրամադրությունը, եթե տեսնեն կհաջողեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։ Մենք մեր աշխատանքով պետք է հասնենք նրան, որ իրենք հասկանան՝ դա անհնարին է», - ասաց Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, եթե դրանք այս իշխանության կողմից անցկացվեն սահմանադրական հանրաքվեին զուգահեռ, դաշնակցական գործիչը նշեց. - «Ակնհայտ է, որ եթե իրենք գնան արտահերթ ընտրության, այդ ընտրությունը փորձելու են ծառայեցնել իրենց վերարտադրման համար և փորձելով դա ներկայացնել նոր լեգիտիմության պաշար՝ և՛ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու, և՛ էն մյուս կործանարար քաղաքականությունը, որ որդեգրել են, ավարտին հասցնելու ուղղությամբ։ Կգա ժամանակը՝ մենք մեր որոշումը կկայացնենք։ Էս պահին մեր գլխավոր խնդիրը համարում ենք աշխատել մեր քաղաքացիների հետ, բացատրել էն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, և փորձենք կանխենք էս ամեն ինչը, այլ ոչ թե արձագանքենք հետևանքներին»։

«Եթե տեղի ունենա Սահմանադրության հանրաքվե, մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ հանրաքվեն վերածելու Նիկոլ Փաշինյանի անվստահության հանրաքվեի, և դա այն տեղն է և այն դեպքն է, որ մենք տեսնում ենք Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում հնարավոր է իրականացնել շատ լայն համախմբում, և այո՝ դա վերածել Նիկոլի անվստահության հանրաքվեի, և դա մենք կանենք», - ասաց Սաղաթելյանը։

Դիտարկմանը՝ «այսինքն, նաև փողոցային պայքար եք ծրագրում, եթե բանը հասնի դրան», ընդդիմադիր գործիչն արձագանքեց. - «Մենք չենք հրաժարվել այն ճանապարհից, որը ընտրել ենք, մենք գնահատել ենք մեր անցած ժամանակահատվածի և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումները, և՛ թերությունները, և էն օրակարգը, ինչի մասին հայտարարել ենք, շարունակում է մնալ»։

Սաղաթելյանը խոստացավ, որ «երբ պրոցես տեղի ունենա, այդ մասին, բնականաբար, նախօրոք կհայտարարվի, էս պահին գլխավոր խնդիրը հասարակության տարբեր շերտերի հետ աշխատելն է և տրամադրությունը փոխելը»։

«Սահմանադրության հնարավոր փոփոխության դեմ ձեր քննադատությանը իշխանությունը հակադարձում է, որ դուք Ալիևի հետ նույն օրակարգն ունեք՝ ներքաղաքական լարում առաջացնել Հայաստանում», - սրան էլ Դաշնակցության Գերագուն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. - «Սահմանադրության փոփոխությունը դա ուղիղ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է, որը փորձում է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, իսկ եթե մենք բարձրաձայնում ենք և խոսում ենք դրա մասին, չի նշանակում, որ երկրի ներսում մեզ պետք է լարվածություն։ Երկրի ներսում մեզ պետք է պարզապես փոփոխություն, դիմադրության կազմակերպում, և էն մարտահրավերները, որ կան մեր երկրի առջև, դրանց հաղթահարում, իսկ դա այս իշխանություններով պարզապես հնարավոր չի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել