7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց
 |factor.am|
23:16 - 22 փետրվարի, 2024

7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց |factor.am|

factor.am: 28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք ազատ չի արձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց մերժել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի՝ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական ազատ արձակելու միջնորդությունը։

Փաստաբան Զարուհի Մեջլումյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մերժման երկու որոշումներն էլ կայացրել են նորանշանակ դատավորներ։ Մեջլումյանի կարծիքով՝ չի կարելի նման գործերի քննությունը տալ դատավորներին, որոնք պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին վերապատրաստում չեն անցել։

Մեջլումյանն այսօր այդ հիմքով բացարկ հայտնեց դատավոր Մելքոնյանին, որը, սակայն, մերժեց այն։ Ցմահ դատապարտյալի տարեց մայրը՝ Վարդուհին, որը նիստի ամբողջ ընթացքում բավականին լարված հետևում էր ընթացքին, ցավով է արձանագրում՝ գրեթե 30 տարվա յուրաքանչյուր օրը Մհերի հետ նույն ցավով ապրում են։

Բժշկական համալսարանի ուսանող Մհեր Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին։ Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:

2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այդ տարիները դժոխային էին՝ դատարանում այսօր պատմեց դատապարտյալը։ Ի սկզբանե, Մհերը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, որի մասին գրեթե երեք տասնամյակ է՝ բարձրաձայնում է։ Այսօր նա այդ ամենը կրկնեց դատարանում։

Ցմահ դատապարտյալը դատարանում ներողություն խնդրեց Աղաջանովների ընտանիքից՝ իր քայլը պարզաբանելով՝ զղջում է իր անգործության համար։ Սպանված տղայի ընտանիքի համար ընդունելի չէ այն հանգամանքը, որ Ենոքյանը կարող է ազատության մեջ հայտնվել։ 

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել