1lurer.am: France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում: Նրա խոսքով` երկու երկրի միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումներն իրականում հերքվում են Ադրբեջանի գործողություններով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Վարչապետի խոսքով` Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությանը` նա հերքել է Բաքվի մեղադրանքները, թե իբր Փարիզը «կրակի վրա յուղ է լցնում», Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդավոր եվրոներ» է ծախսում սպառազինության ձեռքբերման համար։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կերպով կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»: Նա հավելել է, որ Մոսկվայից իր դեմ ուղղված այդ «քարոզչությունը» չի թուլանում։
ՀՀ վարչապետն ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուսական ուժերի կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը.
«Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում»:
Վարչապետը հավելել է` եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։
Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»:
comment.count (0)