Բայրամովը հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին |factor.am|
12:00 - 26 փետրվարի, 2024

Բայրամովը հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին |factor.am|

factor.am: Առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած բանակցություններում ընդմիջմանը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը շարունակվել է։ Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։

Առաջիկայում նախատեսվում է բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ»,- նշել է Բայրամովը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Հիշեցնենք՝ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հանդիպում էին ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ։

Ավելի ուշ Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։

«Հանդիպումից կարող եմ ասել հետևյալը, ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր՝ արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում, նաև Բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եվ, ըստ էության, հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել