Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Արտահերթ նիստի [1, 2] ընթացքում ավագանին քննարկեց ավագանու 5 անդամների՝ Հայկ Մարությանի, Գեւորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի եւ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մյուս երկու անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերը անհրաժեշտ թվով քվեներ չստացան։ Ավագանու նշյալ անդամների լիազորությունները դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն նշված 5-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։
Օրենք, որը հայեցողական կիրառման հնարավորություն է տալիս
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
Վերը նշված հոդվածը անհարգելի բացակայության հիմքով ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես գալն ու նման որոշում կայացնելը ի վերջո թողնում է ավագանու անդամների հայեցողությանը։ Օրենքը նաեւ չի մեկնաբանում, թե ինչ ասել է «անհարգելի»։
Սակայն ավագանին 2021 թվականին փորձել է լրացնել օրենքի այս բացը եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել «Երեւան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» որոշման մեջ՝ սահմանելով, որ «ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»։ Նույն որոշմամբ սահմանվել է, որ բացական հարգելի է համարվում, երբ պատճառը հիվանդությունն է կամ արտերկրյա գործուղումը։ Որոշման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով բացակայելու դեպքում ավագանու անդամը, իսկ անհնարինության դեպքում՝ խմբակցության ղեկավարը Երեւանի քաղաքապետին է ներկայացնում համապատասխան տեղեկանք բժշկական հաստատությունից։
Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Նատալյա Սինորյանը, Արմեն Գալջյանը, Լեւոն Լեւոնյանը, Դիանա Քերոբյանը, Հայկ Միրզոյանը, Արման Հարությունյանը, Լուսինե Գեւորգյանը, «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերի հիմնավորումներում նշել էին, որ Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, սակայն «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանը մասնակցել է դրանցից 10-ին, Սոննա Աղեկյանը՝ 8-ին, Գեւորգ Ստեփանյանը՝ 7-ին, իսկ Զարուհի Փոստանջյանը եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանը չեն մասնակցել որեւէ քվեարկության։ Ավագանու նշյալ անդամները չեն ներկայացրել նաեւ բացակայությունների հարգելի լինելը փաստող տեղեկանքներ։
Երեւանի 5-րդ գումարման ավագանու նիստ
Նույն հիմնավորմամբ ավագանու եւս 22 անդամի լիազորություններ դադարեցնելու նախագծեր կարող էին ներկայացվել, սակայն ավագանին հայեցողական մոտեցում է ցուցաբերել
Ավագանու անդամները միայն ընդդիմադիր 5 գործընկերների վերաբերյալ էին նախագծեր ներկայացրել, այնինչ ավագանու եւս 22 անդամ առաջին նստաշրջանի ընթացքում բացակայել էր քվեարկությունների ավելի քան կեսից։
Անհարգելի բացակայած ավագանու անդամների ճշգրիտ ցանկը ստանալու համար նախ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից ճշտեցինք, թե 2018 թվականից մինչ օրս ավագանու անդամներից քանիսն են ներկայացրել հարգելի բացակայությունը հավաստող փաստաթղթեր։ Կոստանյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ 2018-2024 թվականներին Երեւանի քաղաքապետարան ներկայացվել է ընդամենը երկու նման տեղեկանք՝ ավագանու անդամներ Անի Խաչատրյանից ու Արման Հարությունյանից՝ 2022 թվականին։
Այժմ վերլուծենք 2023 թվականին կայացած եւ ավագանու 3 անդամների հեռացման հիմք հանդիսացած 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի տվյալները։
Նախ նշենք, որ ավագանու անդամները, որոնք ներկայացրել էին համապատասխան նախագծերը, քվեարկությունից բացակայություն են հաշվել ոչ միայն այն դեպքերը, երբ ավագանու անդամը չի գրանցվել քվեարկությանը, այլ նաեւ երբ գրանցվել է, սակայն չի քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Օրինակ, ավագանու անդամ Սոննա Աղեկյանը 42 քվեարկություններից 12-ին գրանցվել է, սակայն դրանցից 4-ի ժամանակ չի քվեարկել դեմ, կողմ կամ ձեռնպահ։ Նրա լիազորութունները դադարեցնելու նախագծում նշված է, որ Աղեկյանը միայն 8 քվեարկության է մասնակցել։ Ստորեւ մենք դիտարկել ենք ավագանու անդամների բացակայությունները՝ հիմք ընդունելով ոչ թե քվեարկել-չքվեարկելու, այլեւ քվեարկություններին գրանցված լինել-չլինելու հանգամանքը։ Հաշվարկի այս մեթոդի պարագայում անգամ կան ավագանու մի շարք անդամներ, որոնց բացակայությունները օրենքով սահմանված շեմը գերազանցում են։
Այսպիսով, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը չի մասնակցել 30 քվեարկության, Իզաբելլա Աբգարյանը՝ 25, Գրիգորի Երիցյանը՝ 27, Քրիստինա Վարդանյանը՝ 30, Պեդրո Զարոկյանը՝ 27, Իոսիֆ Կուբատյանը՝ 26, Սամվել Մելիքյանը՝ 25, Արաքսի Դիլանյանը՝ 25, Արամ Թորոսյանը՝ 25, Ռոբերտ Ծովյանը՝ 25, Նարինե Արամյանը՝ 27, Տիգրան Պետրոսյանը՝ 28, Սեդա Տեր-Մինասյանը՝ 25, «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը՝ 32, Սամվել Հարոյանը՝ 32, Մեսրոպ Մանուկյանը՝ 32, Սամվել Հակոբյանը՝ 30, Արմեն Քոչարյանը՝ 23, Գրիգոր Իսկանդարյանը՝ 24, «Հանրային ձայն» խմբակցությունից Արտակ Գալստյանը (կալանավորված է)՝ 42, Տիգրան Ուրիխանյանը (նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված)՝ 42, ավագանու անկախ անդամ Անույշ Խուդավերդյանը՝ 25։
Այսինքն, օրենքի պահանջը խախտել է ավագանու 22 անդամ (չհաշված ավագանու այն երկու անդամներին, որոնց հեռացնելու վերաբերյալ նախագծերը չեն հավաքել անհրաժեշտ թվով ձայներ), բայց միայն երեքն են զրկվել մանդատից։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նախագծերի քննարկման ժամանակ բացակայության հիմքով ավագանու մանդատից միայն երեք անդամի զրկելը համարել էր խտրական մոտեցում։ Նա նշել էր, որ ինքն օրենքը խախտողներից մեկն է, քանի որ բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից։ Երիցյանն առաջարկել էր ինչպես իր, այնպես էլ օրենքի նորմը խախտած ավագանու մյուս անդամների լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնել։ «Կարծում եմ՝ եթե դուք էլ նույն ոճով շարունակեք, այդ օրը սարերի հետեւում չի լինի»,- Երիցյանի դիտարկմանն արձագանքել էր ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լեւոն Լեւոնյանը, որը ներկայացնում էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը։
Մեջտեղի շարքում ձախից՝ աջ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Քրիստինա Վարդանյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արամ Թորոսյանը
Մինչ այդ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը զեկուցելիս նշել էր, որ ավագանու մոտ 20 այլ անդամներ էլ, այդ թվում խմբակցությունների ղեկավարներ, հատել են բացակայությունների շեմը, բայց խմբակցության ղեկավարների վերաբերյալ նախաձեռնություններով հանդես չեն եկել՝ ելնելով «քաղաքական որոշակի սոլիդարությունից», եւ անդրադարձել են ամենաշատը բացակայած ավագանու անդամներին։ Նշենք, սակայն, որ ավագանու այլ անդամներ եւս բացակայել էին այնքան, որքան, օրինակ, մանդատից զրկված Նարինե Հայրապետյանը։
Մշտական հանձաժողովների նիստերից բացակայությունները եւս հիմք էին ավագանու մի շարք անդամների մանդատից զրկելու համար
Ավագանու մի շարք անդամներ բացակայել են մշտական հանձնաժողովների նիստերի կեսից ավելիից։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանին կարող է մանդատից զրկել նաեւ այդ անդամներին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նարեկ Մանուկյանը եւ «Հանրապետություն» խմբակցությունից Հարություն Մանվելյանը, օրինակ, չեն մասնակցել Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ 2023թ․-ին կայացած 3 նիստերից 2-ին։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Սամվել Մելիքյանը, Արամ Թորոսյանն ու Գրիգորի Երիցյանը բացակայել են Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2023թ․ կայացած բոլոր 2 նիստերից։
Հեռացման քաղաքական որոշում՝ ընդդեմ քաղաքական բոյկոտի
Քվեարկություններին ու հանձնաժողովների նիստերին չմասնակցելը ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մեկնաբանել են որպես քաղաքական բոյկոտ՝ նշելով, որ դա քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նիստերին չմասնակցելն իրենց քաղաքական դիրքորոշումն է, եւ միայն քվորում չապահովելով է հնարավոր այնպես անել, որ «ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»։
Միաժամանակ, Մարությանը պնդել էր, որ նիստերին մասնակցելը ավագանու անդամի աշխատանքի միայն 10 տոկոսն է։ Մարությանը ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումները համարել էր քաղաքական՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման ժամանակ իշխող քաղաքական ուժը նույն կերպ էր վարվել՝ ավագանու մադատից զրկելով Լուսինե Մխոյանին այն պատճառով, որ վերջինս դեմ էր իրեն քաղաքապետի պաշտոնում անվստահություն հայտնելուն․ «Մեզ հանում եք, որովհետեւ դեմ ենք ձեզ։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ մանդատը տվել, դուք իմ գործատո՞ւն եք»,- նիստի ժամանակ հայտարարել էր Մարությանը։
Հայկ Մարությանը
Մինչդեռ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր, որ խնդիրը ընդդիմադիրներին «սիրել-չսիրելու» կամ քաղաքային իշխանություններին քննադատելու մեջ չէ․ «Մենք [մանդատից] զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Օրենքն ասում է՝ բոյկոտեք այնքան, մինչեւ հիսուն տոկոս քվեարկություններին մասնակցեք, բայց բոյկոտի անձրեւանոցի տակ անգործություն մի արեք, որովհետեւ ավագանու անդամ լինելը պարտականություն է։ [...] Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ պիտի չհանենք, ո՞վ է ասել, որ օրենքի տարբեր հոդվածներով մեզ տրված լիազորություններից չպիտի օգտվենք»,- ասել էր Ավինյանը։
Իշխող խմբակցությունը նույն մոտեցմամբ էր առաջնորդվում նաեւ նախորդ գումարման ավագանիում
2022 թվականի փետրվարին Երեւանի ավագանին քննարկում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի երեք հերթական նիստերին, եւ դա, համաձայն վերը նշված օրենքի, նրան մանդատից զրկելու հնարավորություն է տալիս։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել, քանի որ բացակայությունների մի մասն իրականում օբյեկտիվ հիմքեր է ունեցել (Մխոյանը երեխայի էր սպասում)։
Լուսինե Մխոյանը, սակայն, պնդում էր, որ իրեն մանդատից զրկելու պատճառն իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը 2021-ի դեկտեմբերին նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ապա նաեւ տարբեր են եղել քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումները։
Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանը նշել էր, որ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իրեն ասել էր, որ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը, եւ ինքը կամ պիտի մանդատը վայր դնի, կամ կհեռացնեն բացակայությունների հիմքով։
Գալջյանն էլ մեկնաբանել էր, թե Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասել էր Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում են ներկայացնել խմբակցությունը։ Ավագանին, ի վերջո, դադարեցրել էր Լուսինե Մխոյանի լիազորությունները։
Արմեն Գալջյանը
Բացի Լուսինե Մխոյանից՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ եւս բացակայել էին 7-րդ նստաշրջանի նիստերի ավելի քան կեսից
Նախորդ գումարման ավագանու 7-րդ նստաշրջանում կայացել է 6 նիստ, որոնցից մեկը՝ արտահերթ, մյուսը՝ երդման արարողության նիստ։ Այս նստաշրջանում, որի ժամանակ կայացած 3 նիստերից բացակայել էր Լուսինե Մխոյանը, սահմանված թվից ավելի բացակայություններ են ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության այլ անդամներ եւս։
Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Ղալեչյանը, Ռուբեն Սիմոնյանը, Աշոտ Մնացականյանը, Օվսաննա Հովսեփյանը, Վիլեն Գայֆեջյանը բացակայել են այդ նստաշրջանի 3 հերթական նիստերից, Լիլիթ Պիպոյանը՝ 4 նիստից։ Ընդհանուր առմամբ՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ չեն մասնակցել 7-րդ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին։
Մխոյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ Infocom-ը մեկնաբանություն էր խնդրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից՝ հասկանալու՝ ինչո՞ւ մանդատից զրկելու նախագծեր չեն բերվել ավագանու այն անդամների վերաբերյալ, որոնք եւս ունեն սահմանվածից ավելի բացակայություններ, արդյոք նրանց բոլոր բացակայությունները հարգելի՞ են եղել։ Գալջյանը նշել էր, որ նախկինում հարգելի բացակայության սահմանում չի եղել, միայն 2021-ին են սահմանվել որոշակի հիմքեր, հետեւաբար, նրա խոսքով, «տվյալ պարագայում հարգելի բացակայություն տերմինը այդքան էլ տեղին չէ, քանի որ նշված բացակայությունները որեւէ կարգավորման հիմքով հարգելի համարվել չէին կարող եւ չեն կարող»։
Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ ավագանու նիստերից բազմիցս բացակայած անդամներին մանդատից զրկելու հարց չի քննարկվել, քանի որ այն ծայրահեղ դեպքերում կիրառվող գործիքակազմ է․ «Եթե մնացած դեպքերում ավագանու անդամների մեծամանությունը գտնի, որ ավագանու որեւէ անդամի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չի համարում բացակայության հիմքով, ապա այդ պարագայում հարցը ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ ներխմբակցային քննարկումները բավարար կլինեն խնդրին լուծում տալու համար»,- կարծիք էր հայտնել Գալջյանը։
Նախորդ գումարման ավագանու մի շարք անդամներ խախտել են բացակայությունների սահմանված շեմը, բայց չեն հեռացվել
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է նաեւ նախորդ գումարման ավագանու յոթ նստաշրջանների նիստերից բացակաների թիվը։ Ստորեւ կներկայացնենք, թե ավագանու որ անդամներն են տարբեր նստաշրջաններում գերազանցել բացակայությունների սահմանված թիվը, բայց նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծեր անգամ չեն ներկայացվել։
Այսպիսով, ինչպես նախորդ, այնպես էլ գործող ավագանու շատ անդամներ գերազանցել են բացակայությունների՝ օրենքով նախատեսված շեմը, սակայն երկու դեպքում էլ «Քաղաքացիական պայմանագրի» (նախկինում՝ «Իմ քայլը») անդամները անհավասար մոտեցում են ցուցաբերել՝ նույն պատճառաբանությամբ դադարեցնելով ավագանու մի կամ մի քանի անդամների լիազորություններ եւ չանդրադառնալով մյուս անդամներին։ Թեեւ օրենքը թույլ է տալիս հայեցողական մոտեցում ցուցաբերել, այդուհանդերձ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների գործողություններից կարելի է եզրահանգել, որ օրենքը մեկնաբանվում եւ կիրառվում է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։
Օրենքը հայեցողական մոտեցման հնարավորություն է տալիս, քանզի քվեարկության ելքը չի կարող կանխորոշվել
Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն այլ ձեւակերպում չէր կարող օգտագործել՝ նկատի ունենալով քվեարկության հանգամանքը։
Սիրանուշ Սահակյանը, լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից
Սահակյանը նշում է, որ քվեարկության գործընթացում ավագանու անդամները կաշկանդված չեն մանդատով․ «Գործում է ազատ մանդատի գաղափարը, եւ յուրաքանչյուրը քվեարկելիս պետք է առաջնորդվի իր խղճով, ներքին համոզմամբ։ Եւ հնարավոր է՝ նախագիծն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքի քվեարկության ընթացքում։ Հենց քվեարկության տարրը հաշվի առնելով է օրենքում օգտագործվում «կարող է» եզրույթը (կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները,- հեղ․), ոչ թե պարտադրում, որ ավագանու անդամը կամ պատգամավորը այս կամ այն հարցում քվեարկեն կանխորոշված ելքով։ Սա ընտրովի մարմինների գործունեության առանձնահատկություն է»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ, իհարկե, պետք է ելնել այն կանխավարկածից, որ իրավակիրառը գործում է, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ողջամտորեն, իրավունքի սկզբունքներով եւ հանրային շահով․
«Մենք կանխատեսում ենք, որ այս սկզբունքներով պետք է առաջնորդվեն։ Առողջ քաղաքական մշակույթ ունեցող միջավայրում դրանք պիտի լինեն օրինական ելքը, բայց, ցավոք, Հայաստանում կայացած քաղաքական մշակույթ չունենք»,- եզրափակում է Սահակյանը։
Ավագանու անդամների լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից
Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան
Ինֆոգրաֆիկաները՝ Անի Հովհաննիսյանի
comment.count (0)