Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ Հայաստանի Քննչական կոմիտեն քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների կողմից ստացել է 5 պատշաճ հաղորդում։ Դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին փորձել էինք հասկանալ, թե իրավական ինչ գործընթաց է սպասվում բռնի տեղահանման ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին, եւ արդյոք Հայաստանի իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այս թեմայի հանրային հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մեջ կան առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչվածներ։ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը թեմայի վերաբերյալ «Ինֆոքոմի»՝ հոկտեմբերի 11-ի հարցումներին ի պատասխան խուսափել էին որեւէ տեղեկություն տրամադրել։ Մասնավորապես, Ոստիկանությունը հայտնել էր, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ ԱԱԾ-ն նշել էր, որ պահանջվող տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն։
Մինչդեռ մեր հարցումներից օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։
Նախարարի այս հայտարարությունից հետո՝ մենք կրկին գրավոր հարցումներ ենք ուղարկել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Քննչական կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե Արցախից Հայաստան քանի կալանավոր եւ քանի դատապարտյալ է տեղափոխվել, կոնկրետ ինչ հանցանքների կատարման մեջ են մեղադրվում կամ դատապարտված նրանք, նրանցից քանիսն է հայտնաբերվել, քանիսը՝ դեռ ոչ եւ այլն։
Ոստիկանությունը պարզել է ԼՂ-ում ենթադրյալ հանցանք կատարած մի քանի անձանց ինքնությունները
Հունվարի 10-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի։ Հիշյալ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները»:
Հունվարի 15-ին մենք կրկին դիմել ենք Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել հայցվող տեղեկությունների այն մասը, որին տնօրինում է։
Ավելի քան 2 շաբաթ անց՝ փետրվարի 1-ին, Ոստիկանությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում կատարված ծանր եւ առանձնապես ծանր մի քանի հանցագործությունների մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ստացել է համապատասխան տեղեկատվություն, որը օրենքով սահմանված կարգով տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին։
Ըստ Ոստիկանության՝ ձեռնարկված քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են այդ հանցագործությունները կատարած մի քանի անձանց ինքնությունները․ «Մասնավորապես, սպանություն կատարած մեկ անձ ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Սպանություն կատարելու մեղադրանքով եւս մեկ անձ, ըստ ոստիկանությունում առկա տեղեկությունների, գտնվում է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում»,- նշված է պատասխանում։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, վերջինս տվել է նույն պատասխանը, ինչը ուղարկել էր նախորդ տարեվերջին՝ պահանջվող տեղեկությունն ԱԱԾ-ում առկա չէ։ Լրացուցիչ հարցմամբ մեջբերելով նախարարի ելույթն ու Ոստիկանության՝ ԱԱԾ-ին դիմելու մասին առաջարկը՝ կրկին խնդրել ենք ԱԱԾ-ին տրամադրել թեմային առնչվող այն տեղեկությունները, որոնք առկա են։ ԱԱԾ-ն, սակայն, պնդել է, որ նախորդ գրություններով հարցմանն արդեն իսկ տվել է պատասխան․ «Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»,- ասված է ԱԱԾ-ի՝ փետրվարի 21-ի գրության մեջ։ Այս խուսափողական պատասխանից ի վերջո անհայտ է մնում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ դատապարտված անձինք, որոնցով, ինչպես նախարարն էր նշել իր ելույթում, զբաղվում է ԱԱԾ-ն, Հայաստանում այժմ ազատության մեջ են թե ոչ։
Ըստ ՔԿ-ի՝ մեղադրյալների նկատմամբ ընտրվել են կալանք կամ տնային կալանք խափանման միջոցները
Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ոստիկանների եւ քաղաքացիների հաղորդումների հիման վրա նախաձեռնված վերոնշյալ 5 վարույթները վերաբերում են սպանությունների դեպքերի։
Ըստ ՔԿ-ի՝ այդ վարույթներից 1-ը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան: Դրա շրջանակում 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը։
Մյուս 4 վարույթները գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 1-ով մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 1-ով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուս 2-ով քրեական հետապնդում դեռեւս չի իրականացվում:
Հայաստան բռնի տեղահանված կալանավորների մասին տվյալներին ՔԿ-ն չի տիրապետում
ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը, ըստ ամենայնի, ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների եւ այլնի մասին։ Այս հարցերին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել, նշել են՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված կալանավորների մասին ՀՀ ՔԿ-ն տվյալների չի տիրապետում։ ՔԿ-ից տեղեկացրել են նաեւ, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարելու դեպքում քրեական օրենքի գործողությունը կարգավորում է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով։
Հիշյալ հոդվածը սահմանում է, օրինակ, որ հանցանքը ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ-ում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում:
Նույն հոդվածի մեկ այլ դրույթի համաձայն՝ հանցանքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց:
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ավելի վաղ մեր զրույցում կարծիք էր հայտնել, որ հիշյալ հոդվածով որոշակի լուծումներ նախատեսված են, բայց բացարձակ հետեւություններ անելուց առաջ օրենսդրական պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Տվյալ դեպքում, ըստ նրա, քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ (հաշվի առնելով, որ նրանց տրամադրված կապույտ անձնագրերը ՀՀ քաղաքացիություն չեն շնորհել)։
Այսպիսով, բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին առնչվող մի շարք հարցեր մինչ օրս պարզ չեն։ Չնայած ՆԳ նախարարի՝ Ազգային ժողովում հրապարակային ելույթին, որից պարզ է դառնում, որ իրավապահ կառույցները տիրապետում են այդ անձանց վերաբերյալ տվյալներին եւ աշխատանքներ են տանում նրանց հայտնաբերման ուղղությամբ, վերջիններս չեն շտապում հանրությանը հաղորդել թեմային առնչվող որոշակի տեղեկություններ, այդ թվում՝ հնարավոր ռիսկերի կամ խնդրի լուծման հնարավոր մեխանիզմների մասին։ Արդյունքում, հասարակական եւ պետական անվտանգության առնչությամբ ՀՀ քաղաքացիների մտահոգություններն ու կասկածները մնում են չփարատված։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)