armenpress.am: Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ է դարձել, որ Հայաստանի դաշնակիցը (Ռուսաստանի Դաշնությունը, - հեղ) իրեն չի օգնում: Նման դիրքորոշում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնում: Բայց մեր երկիրն ու մեր մարդիկ անսահման ու անծայրածիր չեն: Մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է և ՀԱՊԿ-ով, և ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու: Իրենք հետո ասում են, թե մենք այսինչը չարեցինք, դրա համար իրենք չօգնեցին, իսկ ո՞ւր են դաշնակցական պարտավորությունները: Պարտավորություններն իրենց վրայից գցում են»,-ասաց Սիմոնյանը:
Հայաստանի համար ակնհայտ է, որ այդ անվտանգային համակարգը չի գործում:
«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ այս անվտանգային համակարգը չի գործում: Տեսանք, թե Արցախն ինչ եղավ, Խծաբերդը, Հին Թաղերը, Սև լիճը, Ջերմուկը, Լաչինի միջանցքը, գերիները, տեսանք, թե ինչ եղավ: Մեր ռեսուրսը՝ մարդկային, քաղաքական, պետական, անսահմանափակ չէ»,-ասաց նա:
Ըստ Սիմոնյանի՝ անվտանգային այլընտրանքը, ՀՀ կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է, նաև փորձ անել ՀԱՊԿ-ին ինչ-որ ձև վերակենդանացնել:
Անդրադառնալով հնարավոր այլընտրանքի վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Հիմա մենք փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար: Հիմա, եթե դա ինչ-որ մի անվտանգային համակարգի խանգարում է, իրենց խնդիրն է, ակնհայտ է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում»:
Հայաստանը շարժվելու է այն ուղղությամբ, որը իրեն առավել անվտանգություն կապահովի: ԱԺ նախագահը համարում է, որ ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է: Աշխարհը հիմա բաժանվել է երկուս մասի: Ըստ նրա՝ մի մասն ասում է, որ աշխարհակարգ ու կանոններ գոյություն ունեն՝ ինչպես Ալմաթայի հռչակագիրը, մի մասն ասում է, որ ուժեղի իրավունքն է գործում: Հայաստանը համարում է, որ իր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը:
«Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ է գտնվում: Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա՝ և շատ վաղուց: Եվ վստահ եմ, ու Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է: Ինչպես օրինակ՝ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով: Դա փաստ է, իմ հորինածը չէ»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահն, այսպիսով, չի բացառում Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածությունը: «Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել: Ռուս-թուրքական բախումը Սիրիայում, լարվածություն եղավ, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան: Փորձ կատարվեց այս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա: Թուրքիան ներս մտավ»,- ասաց Սիմոնյանը՝ չբացառելով, որ Թուրքիայի հետ է եղել պայմանավորվածությունը:
Ալեն Սիմոնյանը մտահոգված է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Ըստ նրա՝ ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ:
comment.count (0)