ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետների ցանցում |civilnet.am|
18:22 - 29 փետրվարի, 2024

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետների ցանցում |civilnet.am|

civilnet.am: Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է սկսել Գյումրիում գործող «Բասեն» սուպերմարկետների ցանցում։ Այս ամենը տեղի է ունենում Գյումրիում Yerevan City և «Բասեն» սուպերմարկետների սրված մրցակցության ֆոնին։ ՍիվիլՆեթը փետրվարի 28-ին գրել էր, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետների ցանցի՝ Գյումրի մուտքին զուգահեռ ճնշումներ են գործադրվում նրա մրցակից «Բասեն» սուպերմարկետների ցանցի նկատմամբ։ Մասնավորապես, բոլոր մատակարարները պահանջել էին «Բասեն»-ից բարձրացնել մատակարարվող ապրանքների գները։ Սրա արդյունքում Գյումրիի Yerevan City-ում գները կարող են ավելի էժան լինել, քան «Բասեն»-ում։

Պետեկամուտների կոմիտեն ստուգումները «Բասեն»-ում սկսել է փետրվարի 28-ից, երբ երկու սուպերմարկետների ցանցի միջև մրցակցության ամենաթեժ փուլն է։ «Բասեն»-ի հիմնադիր Գևորգ Եղիկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ՊԵԿ աշխատակիցները հանձնարարագիր են ներկայացրել ստուգումներ անցկացնելու նպատակով․ «Դա ինչի՞ հետ կարող է կապված լինել, չգիտեմ։ Իրենց հանձնարարականների շրջանակում ուզում են աշխատողների թվաքանակի, հասույթի, ապրանքների տեսակների, մնացորդի մասին տեղեկություններ։ Երեկ են ներկայացրել հանձնարարագիրը, ստուգումները երկու ամսով են, ես չգիտեմ՝ ինչ կարող են գտնել, ինչ կարող է լինել։ Ինչ ինֆորմացիա իրենց պետք է, վերցրել են»,- ասաց Եղիկյանը՝ հրաժարվելով գնահատական տալ այն փաստին, որ ՊԵԿ-ի այդ գործողությունները տեղի են ունենում Գյումրիում Yerevan City-ի մուտքի արդյունքում առաջացած մրցակցային խնդիրների ֆոնին։

ՊԵԿ-ն արձագանքել է իր կողմից «Բասեն» խանութների ցանցում ստուգմանը` հայտնելով, որ շեշտադրումները չեն համապատախանում իրականությանը. «Ստվերի դեմ պայքարի շրջանակում իրականացվող գործողությունները տարբերակված բնույթ չեն կրում’ բոլոր տնտեսվարողների համար ապահովելով համահավասար պայմաններ։

Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների նկատմամբ իրականացվող հսկողությանը’ ցանկացած լրատվամիջոց, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելու ցանկության դեպքում, կարող է ուսումնասիրել ՊԵԿ պաշտոնական կայքէջը և գտնել յուրաքանչյուր ամիս հրապարակվող հսկողական գործողությունների արդյունքների մասին տեղեկատվություն»,- հայտնել են կառույցից ու շեշտել, որ անցած տարի նմանաբնույթ խախտումներ են գրանցվել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկում։

Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել