ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր, բացակայող կամ ոչ ճշգրիտ ներկայացված տվյալներ։ Բացի այդ՝ Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։
Աղվան Վարդանյանը, սակայն, չի պատասխանում այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ինֆոքոմի» գրավոր հարցմանը, հրաժարվում է բանավոր մեկնաբանությունից՝ նշելով, որ հայտարարագրի վերլուծության համար կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը, իր հերթին, նշում է, որ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել։
Հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր
Աղվան Վարդնայանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ հայտարարագրված գույքի, իրականացված ծախսերի ու եկամուտների միջև։
2022 թվականի ընթացքում Աղվան Վարդանյանի դրամական միջոցներն աճել են շուրջ 48․1 միլիոն ՀՀ դրամով և 450 ԱՄՆ դոլարով։
Տարվա ընթացքում Աղվան Վարդանյանն իրականացրել է շուրջ 32 միլիոն ՀՀ դրամի ծախս։
Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են շուրջ 6․6 միլիոն ՀՀ դրամ։
Այսպիսով, համաձայն Աղվան Վարդանյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրի, 2022 թվականի գույքային փոփոխությունների ու ծախսերի մի մասը (ավելի քան 73․5 միլիոն ՀՀ դրամը և 450 ԱՄՆ դոլարը) չեն հիմնավորվում հայտարարագրված եկամուտներով։
Աղվան Վարդանյանին հարց ենք ուղղել, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը և որտեղից են գոյացել այդ միջոցները, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել հարցմանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնել են, որ Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականնների տարեկան հայտարարարգրերի վերլուծություն չեն իրականացրել։
Վարկի մարմանն ուղղված ծախս՝ առանց վարկի հայտարարագրման
Աղվան Վարդանյանը 2022 թվականի՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր տարեկան հայտարարագրի ծախսերում նշել է, որ 6 970 000 դրամ ուղղել է վարկի մարմանն ուղղված վճարումների իրականացմանը։
2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերի՝ «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» դաշտում, սակայն, վարկի մայր գումարի մնացորդ հայտարարագրված չէ։
Աղվան Վարդանյանին հարցրել ենք, թե ինչով է պայմանավորված մայր գումարի մնացորդի չհայտարարագրումը, և եթե վարկը ստացվել է 2022 թվականի ընթացքում, ինչո՞ւ հաշվետու տարվա եկամուտների բաժնում հայտարարագրված չեն ստացված վարկային միջոցները։ Այս հարցերի պատասխանները ևս չենք ստացանել ոչ գրավոր հարցման միջոցով, ոչ էլ բանավոր զրույցի ընթացքում։
Անգին թանկարժեք գեղանկարներ
Վարդանյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից ավելի արժեք ունեցող գույքի ցանկում տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է գեղանկարներ։ Որպես գույքի ձեռքբերման տարի նշված է 2002 թվականը։
2021 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն, այս գեղանկարները հայտարարագրված չեն։
Գույքի ձեռքբերման եղանակը նշված է նվիրատվություն, իսկ գինը՝ 0 ՀՀ դրամ։ Այս եղանակով ձեռքբերված գույքը պետք է հայտարարագրվի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով։ Հնարավոր կամ շուկայական գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։ Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, խանութների, բորսաների, տոնավաճառների, շուկաների և այլն) գները, գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ համացանցի միջոցով ստացված տվյալները և այլն:
Աղվան Վարդանյանին հարցրել էինք, թե ինչո՞վ է պայմանավորված 2021 թվականի տարեկան հայտարարագրում գեղանկարների չհայտարարագրումը, և թե ինչու՞ է դրանց գնի դաշտում նշված 0 ՀՀ դրամ։ Այս հարցը ևս մնացել է անպատասխան։
Ընտանիքի անդամների չներկայացված հայտարարագրերը
Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականների՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամներ են նշված Ցողիկ Լավրենտի Բեժանյանը, Վահե Աղվանի Վարդանյանը և Վարդուհի Լևոնի Վարդանյանը։
Վահե Վարդանյանը և Վարդուհի Վարդանյանը, սակայն, չեն ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2021 և 2022 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաև պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։
Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել նաև Ցողիկ Բեժանյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հարձնաժողովից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հայտարարագրման պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ընտանիքի անդամների ծանուցումների գործընթացը ներկայում ընթացքի մեջ է, բայց, հաշվի առնելով հարցմամբ ներկայացված տվյալները, Հանձնաժողովն առաջնահերթություն է տվել Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամների ծանուցման գործընթացին։
Հանձնաժողովից նաև տեղեկացրել են, որ հայտարարագրերի ներկայացման համար տրամադրվել է ծանուցման պահից 30-օրյա ժամկետ, իսկ պարտականության չկատարումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի ենթարկելու հիմք կհանդիսանա (տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով)։
Հանձնաժողովից մեր զրույցում նշեցին, որ ծանուցումը փոստային տարբերակով իրականացվել է 2024 թվականի փետրվարի 27-ին, և հայտարարատու անձինք պատշաճ ծանուցված կհամարվեն միայն ծանուցումը ստանալուց հետո, որից հետո էլ արդեն կսկսվի 30-օրյա ժամկետի հաշվարկը։
Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (0)