Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը
 |civilnet.am|
17:13 - 04 մարտի, 2024

Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը |civilnet.am|

civilnet.am: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

«Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- մարտի 4-ին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը։

Նիկոս Դենդիասը նշել է նաև, որ Հունաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պապիկյանն ու Դենդիասը պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ»,- ասված էր հայկական կողմի հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել