Ես խմում եմ օրական երեքից չորս բաժակ սև սուրճ (երբեմն նույնիսկ չափն անցնում եմ՝ այս թիվը հասցնելով հինգի)։ «Ինֆոքոմի» գործընկերներս ինձնից հետ չեն մնում․ նրանք նույնպես սուրճի սիրահար են։
Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի վերջին տվյալները փաստում են, որ սուրճը Հայաստանում ամենաշատ օգտագործվող երեք մթերքներից մեկն է։ Երևանում, օրինակ, սև սուրճ է օգտագործում բնակչության մոտ 71%-ը։
Այսօր «Ինֆոքոմում» սուրճ խմելու «արարողությունը» մի փոքր անսովոր է․ տարօրինակ պատրաստակամությամբ գործընկերներիս համար սուրճ եմ պատրաստում ու զգուշացնում նրանց, որ խմելուց հետո բաժակները չլվանան (չնայած նրանք երբեք էլ չեն շտապում բաժակները լվանալու հարցում)։ Հետո վերցնում եմ բաժակներն ու սուրճի նստվածքը տեղափոխում մի տարայի մեջ, որն էլ տեղադրում եմ սառցախցիկում «գիտական նպատակներով»։
Իմ սիրելի կավե բաժակից սուրճի նստվածքը տեղափոխում եմ տարայի մեջ
Վերջերս Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտնականներն ինձ պատմեցին, որ իրենք, ի թիվս այլ հետազոտությունների, ուսումնասիրում են, թե ինչպես մանրէների օգնությամբ կենսագազ ստանալ՝ օգտագործելով սուրճի թափոնը։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ ես մի ամբողջ օր կհավաքեմ մեր խմբագրության սուրճի նստվածքն ու կտանեմ լաբորատորիա։
Դեռ կհասցնենք մանրամասն խոսել մանրէների, կենսագազի ու այլ հետաքրքիր հասկացությունների մասին։ Մինչ այդ առաջարկում եմ ինձ հետ ուղևորվել Երևանի պետական համալսարան ու հայտնվել Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս, որտեղ գիտնականնեը սպասում են հավաքածս սուրճի թափոնին։
Շախմատից կենսաբանություն
Կենսաբանների ընտանիքում մեծացած Կարեն Թռչունյանը դպրոցական տարիքում մտածում էր, որ կա՛մ շախմատիստ է դառնալու, կա՛մ օդաչու։ Նա ակտիվ զբաղվում էր շախմատով և առաջին կարգ ուներ։ 9-րդ դասարանում, սակայն, ծնողներից ոգեշնչված, որոշեց ընտրել կենսաբանի մասնագիտությունը։
Կարեն Թռչունյանը
Այդ որոշումից տարիներ են անցել․ Կարեն Թռչունյանն այժմ գիտությունների դոկտոր է և ղեկավարում է Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ Կենսաբանությունն ընտրելու համար չի փոշմանել, իսկ շախմատ հիմա էլ շարունակում է խաղալ․ ասում է, որ շախմատն իր աշխատանքի մեջ շատ է օգնում ճիշտ մտածելու և քայլերի ճիշտ հերթականություն ընտրելու հարցում:
Գիտությամբ Կարեն Թռչունյանը սկսեց հետաքրքրվել բակալավրիատի հենց առաջին կուրսում։ Այդ ժամանակ նա մանրէաբանությանն առնչվող մի գիտական հոդված կարդաց, որի արդյունքները նրան շատ հետաքրքրեցին։ Նա որոշեց կրկնել հոդվածի հեղինակների գիտափորձն ու մի փոքր այլ արդյունք ստացավ։ Առաջին միտքն այն էր, որ ինչ-որ բան սխալ է արել։ Մի տարի շարունակ փորձեր անցկացնելուց հետո համոզվեց, որ նոր ու հետաքրքիր արդյունքներ է ստացել։ 2009-ին այդ արդյունքների հիման վրա հրապարակվեց նրա գիտական առաջին հոդվածը։ Հենց այդպես էլ սկսվեց Կարեն Թռչունյանի գիտական ուղին։
Կարեն Թռչունյանը՝ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում
2015-ին Երևանի պետական համալսարանում ստեղծվեց Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ բացվեց Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ Կարեն Թռչունյանը 2020-ին ստանձնեց լաբորատորիայի ղեկավարումը։
Աշխարհ, որը մենք չենք տեսնում
«Մանր» և «է»․ բառի արմատներն էլ հուշում են, որ մանրէները չափազանց փոքր էակներ են։ Բակտերիաներ, խմորասնկեր, ջրիմուռներ, վիրուսներ՝ այն բոլոր օրգանիզմները, որոնք հնարավոր չէ անզեն աչքով տեսնել, համարվում են մանրէներ (hաճախ անվանում են նաև միկրոբ կամ միկրոօրգանիզմ)։
Մանրէներն, ինչպես մարդը կամ կենդանի այլ օրգանիզմներ, աճելու և գոյատևելու համար պետք է սնվեն։ Որոշ մանրէներ ապրում են մարդու օրգանիզմում, օգնում մարսողության գործընթացին ու օրգանիզմից ստանում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, մյուսները սնունդ են ստանում՝ քայքայելով բույսերի, կենդանիների մնացորդները։ Կախված մանրէի տեսակից՝ սնունդ ստանալու ձևերը տարբեր են լինում։
Լաբորատորիայում մանրէները պահվում են այսպիսի կլոր ամաններում
Որոշ տեսակի մանրէների համար սննդի աղբյուր կարող են դառնալ թափոնները, որոնք պարունակում են բուսական օրգանիզմների մնացորդներ (օրինակ՝ կարտոֆիլի կեղևը)։
Մանրէները քայքայում են բուսական թափոնների մեջ առկա բարդ նյութերը, վերցնում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, իսկ այս ընթացքում քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, որոնց արդյունքում անջատվում են տարբեր կողմնակի նյութեր, օրինակ՝ կենսաջրածին (ջրածին, որն առաջանում է կենսաբանական գործընթացների արդյունքում)։ Սա կարելի է համեմատել մեր օրգանիզմի նյութափոխանակության հետ․ երբ մենք սնունդ ենք ընդունում, սնունդը քայքայվում է, օրգանիզմը վերցնում է մեզ անհրաժեշտ նյութերն ու յուրացնում, իսկ սննդի քայքայման և յուրացման ընթացքում տեղի ունեցած քիմիական ռեակցիաների արդյունքում որպես կողմնակի արտադրանք առաջանում է ածխաթթու գազ։
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտական թեմաների շրջանակը շատ լայն է․ այստեղ իրականացվում են մանրէների ու բույսերի վերաբերյալ թե՛ հիմնարար, թե՛ կիրառական հետազոտություններ։
Աղիներից անջատած կաթնաթթվային բակտերիան (կապույտ գույնով ներկված)՝ մանրադիտակի տակ
Կարեն Թռչունյանը հիշում է, որ մանրէներին վերաբերող հետազոտություններն իրենց լաբորատորիայում սկզբում միայն հիմնարար էին։ Նրանք վերցնում էին բակտերիայի որևէ տեսակ, օրինակ՝ աղիքային ցուպիկ (գիտական անվանումը Էշերիխիա կոլի՝ Թեոդոր Էշերիխի անունով, որը 1885 թ․ հայտնաբերել է այս բակտերիան)։ Հետո այդ բակտերիայից հեռացնում էին տարբեր գեներ ու փորձեր իրականացնում, որ հասկանան, թե նրա կոնկրետ որ սպիտակուցներն են պատասխանատու այս կամ այն գործընթացի համար։
Գիտական գրականության ուսումնասիրությունից և տարբեր կոնֆերանսների մասնակցելուց հետո Կարեն Թռչունյանին սկսեց հետաքրքրել արդյունավետ ճանապարհով կենսաջրածին ստանալու գիտական խնդիրը։ Մինչ այդ նրանց հիմնարար հետազոտությունների շրջանակում իրականացվում էին մանրէների մասնակցությամբ փորձեր, որոնց ընթացքում ջրածինն անջատվում էր պարզապես որպես կողմնակի արտադրանք։ Բայց նրանք չէին իրականացրել կիրառական հետազոտություններ, որոնք նպատակ կունենային պարզելու, թե ինչպես արդյունավետ կերպով մանրէների միջոցով կենսաջրածին ստանալ։
Էշերիխիա կոլին կամ աղիքային ցուպիկը՝ մանրադիտակի տակ
Իսկ ինչո՞ւ է գիտական այս խնդիրը հետաքրքիր ու կարևոր։ Կարեն Թռչունյանն ասում է՝ աշխարհի բնակչության թիվն աճում է, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը՝ մեծանում, իսկ հանածո վառելիքները՝ նավթը, գազը, ավելի արագ են սպառվում, քան վերականգնվում։ Այդ պատճառով մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ՝ ատոմակայաններ, հողմակայաններ, արևային կայաններ և այլն։ Էներգիայի այլընտրանքային աղբյուրներից մեկն էլ կենսավառելիքն է (սպիրտ կամ կենսագազ), որն անջատվում է կենսաբանական գործընթացների արդյունքում։
Ըստ Կարեն Թռչունյանի՝ առաջին սերնդի կենսավառելիքն անջատվում է այն հումքից, որը կարելի է օգտագործել սնունդ ստանալու համար։ Օրինակ՝ ցորենից, շաքարեղեգից կամ եգիպտացորենից սպիրտ (էթանոլ) է անջատվում։ Երկրորդ սերնդի կենսավառելիքը մեծ ծավալներով չի արտադրվում և դեռևս գտնվում է լաբորատոր փորձարկումների փուլում։ Այդպիսին է, օրինակ, կենսաջրածինը որը կարելի է ստանալ տարբեր օրգանական թափոններից։
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում որոշեցին ուսումնասիրել հենց երկրորդ սերնդի կենսավառելիքի ստացման գործընթացը։ Այդպես միանգամից երկու հարց է լուծվում․ առաջին՝ թափոնները կիրառություն են գտնում ու չեն աղտոտում շրջակա միջավայրը, երկրորդ՝ ստացվում է էներգիայի այընտրանքային աղբյուր։
Թափոնների միջոցով կենսագազ հնարավոր է ստանալ նաև «տնային պայմաններում»։ Կարեն Թռչունյանին խնդրում եմ բացատրել, թե ինչ պիտի անեն, օրինակ, մեր գյուղի՝ Լեռնարոտի բնակիչները, եթե որոշեն սննդի մնացորդները չթափել ու մանրէների օգնությամբ դրանցից կենսագազ ստանալ։
Սառնարանը, որտեղ պահվում են մանրէները
Պատասխանը պարզ է․ անհրաժեշտ է վերցնել մեծ տարաներ, դրանց մեջ լցնել բանջարեղենի կամ այլ օրգանական մնացորդներ, ավելացնել, օրինակ, գոմաղբ, որի մեջ ապրում են տարբեր մանրէներ, ապա տաքացնել։ Մանրէները կսկսեն քայքայել սննդի մնացորդներն ու վերցնել իրենց անհրաժեշտ նյութերը, իսկ նրանց կենսագործունեության արդյունքում կանջատվի կենսագազ, որն արդեն կարելի է հավաքել ու օգտագործել տարբեր նպատակներով, օրինակ՝ տունը ջեռուցելու համար։
Բայց որպեսզի կենսագազը սկսի մասսայաբար արտադրվել ու որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր լայն կիրառություն գտնել, պետք է դրա ստացման գործընթացի արդյունավետ եղանակ լինի, այսինքն՝ նվազագույն ծախսով հնարավորինս մեծ ծավալի կենսագազ արտադրվի։ Աշխարհի ու Հայաստանի գիտնականների խնդիրն է գտնել մանրէ-թափոն այնպիսի համադրություններ, որոնց պայմաններում կենսագազի արտադրությունն առավել շահավետ կլինի։
Սուրճը միայն խմելու համար չէ
Մի քանի տարի առաջ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում սկսեցին կենսաջրածին ստանալու համար օգտագործել սուրճի թափոնները։ Այս գաղափարի «մեղավորները» լաբի երկու երիտասարդ հետազոտողներն են՝ Լիանա Վանյանն ու Հռիփսիմե Պետրոսյանը։
Լիանան
Լիանան ու Հռիփսիմեն կենսաբանության ֆակուլտետ են ընդունվել ու սովորել միասին։ Բակալավրիատի երկրորդ կուրսում նրանք հասկացան, որ միայն դասախոսություններ լսելն իրենց համար բավարար չէ։ Նրանք գնացին Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա ու սկսեցին այնտեղ ծանոթանալ ամենատարրական աշխատանքներին՝ կշեռքից օգտվել, լուծույթ պատրաստել։
Լաբորատոր աշխատանքի նրբությունները հասկանալուց հետո Լիանան ու Հռիփսիմեն Կարեն Թռչունյանին խնդրեցին իրենց ներգրավել հետազոտական աշխատանքներում։ Այդպես նրանք սկսեցին գիտական հետազոտություններին մասնակցել և բակալավրիատի վերջում տպագրեցին իրենց գիտական առաջին հոդվածը։ Այժմ երկուսն էլ ասպիրանտուրայում են սովորում ու գրում են իրենց թեկնածուական աշխատանքները, զուգահեռ ներգրավված են նաև լաբորատորիայի հետազոտական տարբեր նախագծերում։
Հռիփսիմեն
Մի քանի տարի առաջ, երբ դեռ երրորդ կուրսի ուսանողներ էին, Լիանան ու Հռիփսիմեն փոխանակման ծրագրերից մեկով մեկնեցին Գերմանիայում սովորելու։ Այնտեղ նկատեցին, որ լաբորատորիաներից մեկում հավաքում էին սուրճի նստվածքը, որից մտադիր էին նանոմասնիկներ ստանալ։ Նրանք մտածեցին, թե ինչու չօգտագործել սուրճի նստվածքն իրենց հետազոտություններում․ չէ՞ որ այն բուսական թափոն է, իսկ իրենք արդեն օգոտագործում էին բուսական այլ թափոններ կենսաջրածին ստանալու համար։ Հայաստան վերադառնալուն պես նրանք այս գաղափարի մասին պատմեցին Կարեն Թռչունյանին, որն էլ առաջարկեց փորձել իրականացնել այն։
Առանց գիտական գրականությունն ուսումնասիրելու Լիանան ու Հռիփսիմեն մեծ թերահավատությամբ մշակեցին սուրճի նստվածքը, ապա աղիքային ցուպիկ ավելացրին։ Արդյունքը զարմացրեց նրանց․ աղիքային ցուպիկն իսկապես որոշակի քանակությամբ կենսաջրածին արտադրեց։ Դա նշանակում էր, որ կարելի էր փորձերը շարունակել։
Սուրճի մշակված թափոնով լի անոթները Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբում գրեթե ամենուր են
Լիանան ու Հռիփսիմեն նախ գիտական գրականություն ուսումնասիրեցին ու պարզեցին, որ սուրճի թափոնները գիտության մեջ օգտագործվում են կենսաջրածին ստանալու համար։ Նրանք ծանոթացան հետազոտությունների, որոնց հեղինակները վերցրել էին ոչ թե կոնկրետ այս կամ այն մանրէն, այլ այնպիսի միջավայրեր (օրինակ՝ տիղմ, գոմաղբ), որտեղ կան տարբեր տեսակի մանրէներ (գիտական լեզվով ասած՝ մարնէների կոնսորցիումներ), և դրանց միջոցով սուրճի նստվածքից կենսաջրածին ստացել։
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում որոշեցին հետազոտել կոնկրետ մեկ տեսակի մանրէ՝ իրենց մյուս հետազոտությունների ժամանակ կիրառվող աղիքային ցուպիկը։ Նրանց փորձերի արդյունքում պարզվեց, որ աղիքային ցուպիկի շտամերից մեկով հնարավոր է սուրճի նստվածքի քայքայումից կամ խմորումից մեծ քանակությամբ կենսաջրածին ստանալ։
Ձախ կողմում՝ սուրճի չորացված նստվածքը, աջում՝ արծաթե կեղևը
Գիտական գրականության ուսումնասիրությունից պարզվեց, որ լավ արդյունքներ ցույց տալու հավանականություն ունի նաև սուրճի մեկ այլ թափոն՝ այսպես կոչված, արծաթե կեղևը (silver skin)։ Սա սուրճի հատիկների արտաքին շերտն է, որն առանձնանում է հատիկներից սուրճը բովելիս։ Լաբորատորիայում աղիքային ցուպիկի ու արծաթե կեղևի «մասնակցությամբ» ևս փորձեր իրականացրին ու կրկին լավ արդյունքներ ստացան։
Պարարտ հող՝ սուրճի ու մանրէների օգնությամբ
Այս պահին Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում սուրճի նստվածքն օգոտագործում են ևս մի հետազոտության մեջ։ Բանն այն է, որ սուրճի նստվածքը հարուստ է մետաղներով, ազոտով և այլ նյութերով ու կարող է որպես պարարտանյութ ծառայել։
Լաբորատորիայում որոշեցին այս ուղղությամբ հետազոտություններ սկսել՝ կրկին համատեղելով սուրճի թափոններն ու մանրէները։ Գուցե հարց առաջանա, թե ինչ կապ ունեն մանրէները։ Պարզվում է, որ մանրէներն իրենցով համարվում են կենսապարարտանյութեր. դրանք իրենց կենսագործունեությամբ հարստացնում են հողն այնպիսի նյութերով, որոնք բույսերի աճն են ապահովում։ Լաբորատորիայում եկան այն մտքին, որ սուրճի նստվածք-մանրէ համադրությունը կարող է կրկնակի օգտակար լինել բույսերի համար․ առաջինը՝ սուրճի նստվածքն արդեն պարարտանյութ է ու կարող է հարստացնել հողը, երկրորդը՝ այն բարենպաստ միջավայր է մանրէների համար, որ դրանք աճեն ու իրենց կենսագործունեությամբ պարարտացնեն հողը։
Սուրճի նստվածքով ու մանրէներով «պարարտացած» բույսերը լաբորատորիայում (նկարը՝ լաբորատորիայի արխիվից)
Գիտնականները մանրէով հարստացված սուրճի նստվածքը կիրառեցին Հայաստանում աճող մի քանի բույսերի՝ լոլիկի, վարունգի, պղպեղի վրա։ Առաջին փուլում հետազոտություններն իրականացրին լաբորատորիայում․ դիտարկեցին, թե սուրճի նստվածքն ու մանրէն ինչ ազդեցություն ունեն արմատների ձևավորման, ցողունի ու տերևների աճի վրա, համեմատեցին սովորական պայմաններում աճած արմատների ու ցողունների հետ։
Ջերմոցային աշխատանքները (նկարը՝ լաբորատորիայի արխիվից)
Առաջին փուլի արդյունքները բավականին գոհացնող էին, և նրանք անցան հաջորդ՝ ջերմոցային փուլին։ Ջերմոցում վարունգի, լոլիկի ու պղպեղի սերմեր ցանեցին, հողը պարարտացրին իրենց նստվածք-մանրէ պարարտանյութով ու սկսեցին հետևել բույսերի աճին։ Գարնանը սկսվելու է ջերմոցային փորձարկումների երկրորդ փուլը, իսկ վերջնական փուլում արդեն կուսումնասիրվի ստացված բերքը։ Եթե արդյունքները գոհացնող լինեն, կնշանակի, որ այս համադրությունն իսկապես կարող է լավ կենսապարարտանյութ դառնալ ու փոխարինել քիմիականին։
«Գիտելիքն ուժ է, իսկ հաղթանակն այն տարածելն է»
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա այցիս ընթացքում նկատում եմ, թե որքան շատ ուսանողներ են գալիս այստեղ՝ պարզապես փորձերին հետևելու, սովորելու կամ լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար։ Իսկ լաբորատորիայի երիտասարդ թիմն օգնում է ուսանողներին։
«Միշտ պետք է լինի երիտասարդների հոսք․ եթե երիտասարդների հոսքի մեխանիզմը չկա որևէ լաբորատորիայում, նշանակում է այդ լաբորատորիան դատապարտված է»,- ասում է Կարեն Թռչունյանը։
Նա կարևորում է նաև կուտակված գիտելիքը հաջորդ սերունդներին փոխանցելը, քանի որ այդկերպ գիտելիքը չի կորչում։
Լաբորատորիայի հերթական սեմինարը
«Գիտելիքն ուժ է, իսկ հաղթանակն այն տարածելն է»․ սա Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կարգախոսն է։
Հավատարիմ մնալով իրենց կարգախոսին՝ լաբորատորիայում ամեն ուրբաթ սեմինար են անցկացնում, որի ժամանակ պատմում են իրենց հետազոտական ուղղություններին վերաբերող այս կամ այն թեմայի մասին։
Անահիտը
Հերթական սեմինարին մասնակցում եմ նաև ես։ Այս անգամ Անահիտ Շիրվանյանը պատմում է Սախարոմիցեզ սերևիզիե (Saccharomyces cerevisiae) անունով խմորասնկի մասին, որի անունը ճիշտ արտասանել ինձ մոտ ստացվեց բազմաթիվ փորձերից հետո միայն։
Անահիտի սիրելի Սախարոմիցեզ սերևիզիեն
Շատ հետարքիր է լսել, թե որքան հիացմունքով է Անահիտը խոսում այս խմորասնկի և սթրեսային պայամաններում գոյատևելու նրա հատկության մասին։
Գիտությունից նորարարություն
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի թիմը մի քանի տարի առաջ սկսեց աշխատանքներ տանել նաև հետազոտությունների կիրառական արդյունքներն առևտրայնացնելու ուղղությամբ։ Երևանի պետական համալսարանում 2018-ին բացվեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը։ Կենտրոնի թիմը կազմված է Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտողներից, բայց այն սպասարկում է նաև Հայաստանում գործող այլ լաբորատորիաների։
Կենտրոնը գործում է երեք ուղղությամբ՝ հետազոտություններ, կրթություն, նորարարություն։ 2018-ից Երևանի պետական համալսարանում ներդրվել է կենտրոնի մշակած «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը։
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ թիմը
Այս պահին Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն աշխատում է թիմի նորարարական գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ։
Թիմը երկու ստարտափ գաղափար ունի։ Առաջինը կոչվում է MyCoFe (mycrobes՝ մանրէներ, coffee՝ սուրճ, fertiliser՝ պարարտանյութ)։ MyCoFe-ն դեռ ձևավորման փուլում գտնվող ստարտափ է, որի նպատակն է արտադրել կենսապարարտանյութեր։ Երբ գիտնականները մանրէ-սուրճի նստվածք համադրությամբ կենսապարարտանյութերի վերաբերյալ հետազոտություններն ավարտեն ու ցանկալի արդյունքներ ստանան, կսկսեն արտադրել ու վաճառել պարարտանյութը։
Սարքը, որտեղ հավաքում և չափում են արտադրված կենսաջրածինը
Մյուս գաղափարը վերաբերում է սուրճի և բուսական այլ թափոնների միջոցով կենսաջրածնի արտադրությանը։ Երբ այս տեխնոլոգիան վերջնական մշակված լինի, գիտնականները կպատենտավորեն այն ու կառաջարկեն արտադրող մեծ կազմակերպություններին։ Սուրճ, գինի, գարեջուր արտադրողներն, օրինակ, այս տեխնոլոգիայով հնարավորություն կունենան իրենց բուսական թափոններից մանրէներով կենսագազ ստանալու և այն՝ որպես էներգիայի ալլընտրանքային աղբյուր, իրենց արտադրական գործընթացում օգտագործելու։ Այսինքն, արտադրական թափոնները կկիրառվեն հենց արտադրական գործընթացում։
♦♦♦
Քանի դեռ գտնվում ենք Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս, առաջարկում եմ հետևել Անահիտ Շիրվանյանին, որը մեզ կպատմի, թե ինչ է մանրէանկարչությունը, և ինչպես մանրէներով ագարի (ագարը կարմիր ջրիմուռներից ստացվող ժելատինային նյութ է) վրա պատկերներ նկարել։
Անահիտի առաջարկով ես էլ մանրէներով լաբորատորիայում փորձեցի գրել ագարի վրա:
24 ժամ անց նա ուղարկեց արդյունքը։
«Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։
Հեղինակ՝ Աննա Սահակյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
comment.count (0)