tert.am: Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։
«Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» (չակերտները՝ խմբ․) գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» (չակերտները՝ խմբ․) է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։ Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական» (չակերտները՝ խմբ․) գյուղերին (Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի), ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է» (չակերտները՝ խմբ․), և դրանք «ենթակա են անհապաղ ազատման» (չակերտները՝ խմբ․)։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային» (չակերտները՝ խմբ․) գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու, Տիգրանաշեն) ազատման հարցը», - ասվում է մեկնաբանությունում։
comment.count (0)