Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով գրեթե 2 տարվա ընթացքում հարցաքննվեց 40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր ավարտեց դատակոչի ցուցակում ներառված անձանց հարցաքննության փուլը։
Հիշեցնենք՝ գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Դատակոչված անձանցից մի քանիսը հարցաքննությունների ողջ ընթացքում դատարան այդպես էլ չներկայացան։ Պատճառները տարբեր են։ Ոմանք մահացել են, ոմանք վատառողջ են, ոմանք գտնվում են Հայաստանից դուրս, ոմանց էլ 2023 թ․ սեպտեմբերին Արցախից Հայաստան բռնի տեղահանումից հետո գտնել չի հաջողվել․ նրանք այլեւս չեն բնակվում այն հասցեներում, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է դատարանին տրամադրել, դատարանի կողմից ոստիկանություն ուղարկված գրությունների հիման վրա եւս նրանց հնարավոր չի եղել հայտնաբերել։
Դիմելով դատավարության մասնակիցներին՝ դատավորը հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ կան այդ անձանց հետ կապված։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց՝ եթե ձեռնարկվել են բոլոր միջոցները նրանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ, իր առաջարկն է հրապարակել այդ անձանց նախաքննական ցուցմունքները, որպեսզի ապահովվի գործի քննության ողջամիտ ժամկետը։
Փաստաբան Գուրգեն Գրիգորյան
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց՝ դեմ չէ հրապարակել այն անձանց ցուցմունքները, որոնք Հայաստանում չեն, սակայն առաջարկեց իրավական լուծման առկայության դեպքում մյուսների որոնումները շարունակել, իսկ մինչ այդ տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ հարցաքննել զոհված զինծառայողների այն ծնողներին, որոնք մինչ օրս այդ կարգավիճակը չունեն։ Հիշեցնենք՝ քրեական գործի քննության դեռ ամենասկզբում տուժող կողմը բարձրաձայնել է թերի նախաքննության մասին՝ դժգոհություն հայտնելով, որ մի շարք ծնողներ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել, չեն հարցաքննվել, ինչով պայմանավորված՝ նաեւ դատարանում չեն կարողացել իրացնել իրենց իրավունքները։ Դատարանը որոշել է այդ հարցին անդրադառնալ ապացույցները սահմանված հաջորդականությամբ հետազոտելուց հետո։
Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը դիրքորոշում չհայտնեց, նշեց՝ թողնում է դատարանի հայեցողությանը։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հրապարակել 8 անձի նախաքննական ցուցմունք․ «Ըստ էության, այս վկաները նույնաբովանդակ եւ մեղադրանքի էության համար ոչ այնքան կարեւոր ցուցմունքներ են տվել․․․ Եթե հիմա հրապարակենք, եւ Վահանյանը կամ նրա պաշտպանը ասեն՝ ոչ, մենք ցանկանում ենք օգտվել հակընդդեմ հարցման իրավունքից, կփորձենք այլ միջոցներ ձեռնարկել, ուղղակի այս պահին էլ ոչ մի ձեւ չենք կարող առաջ գնալ»,– պարզաբանեց դատավորը:
Տուժող Նիկոլայ Ստեփանյան
Տուժող Նիկոլայ Ստեփանյանը մեկն է շրջափակման մեջ մնացած այն 6 տղաներից, որոնք, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղում, 2020 թ․ դեկտեմբերի 20-ին կարողացել են կապի դուրս գալ եւ փրկվել։ Ըստ դատարանի ստացած տեղեկությունների՝ 2024 թ․ հունվարի 25-ին նա լքել է ՀՀ–ն։
Ստեփանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 1-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նռնականետի օգնական։
Հրապարակելով ցուցմունքի՝ առավելապես Խուռհատ սարին վերաբերելի դրվագները՝ դատավորը ընթերցեց, թե ինչպես է Ստեփանյանը ներկայացրել Վահանյանի գործողությունները․
«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11–ի սահմաններում, հակառակորդը հարձակում գործեց մեր ուղղությամբ, եւ հիշում եմ, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում՝ մեքենաների մոտ։ Ասում էր՝ կրակեք մեկ աջ ուղղությամբ, մեկ՝ ձախ, եւ կոնկրետ հասկանալի էր ինձ համար, որ նա չի տիրապետում իրավիճակին եւ չգիտի՝ ինչ է կատարվում․․․ Այդ ընթացքում, քանի որ հակառակորդի ուժերը շատ էին, մենք հասկանում էինք, որ չէինք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր․․․ Մենք սկսեցինք իջնել սարից դեպի մեքենաների կողմ՝ մեզ հետ իջեցնելով վիրավորներին։ Երբ հասանք սարի տակ, վիրավորներին տեղավորում էինք կամազների մեջ, մեքենաների մոտ տեսա Իշխան Վահանյանին եւ Հայկազ Գրիգորյանին։ Վահանյանը Գրիգորյանին ասաց, որ վիրավորների հետ գնում է, քանի որ վիրավորում է ստացել, Գրիգորյանը հարցրեց, թե որտեղից, նա էլ ասաց՝ կողքից․․․ Այդ խոսակցության ժամանակ ես եղել եմ նրանց կողքին, չեմ տեսել՝ Վահանյանը ռադիոկապը հանձնեց Գրիգորյանին, թե ոչ․․․ Վահանյանի վրա որեւէ վիրավորում, վնասվածք կամ արյան հետք չտեսա։ Եթե լիներ, հաստատ կտեսնեի, քանի որ 2–3 մ հեռավորության վրա էի։ Տեսա, որ այդ ամենը լսելուց հետո նա նստեց ավտոմեքենան եւ գնաց՝ զորքին թողնելով առանց հրամանատարի․․․ Այդ ժամանակ հակառակորդը շարունակում էր գրոհել։ Զորքը խուճապահար վիճակում էր։ Վահանյանի այդ պահվածքը ավելի մեծացրեց խուճապը։ Վահանյանը, կարելի է ասել արագ քայլելով, առանց վիրավորում ունեցողի տպավորություն թողնելով, գնաց դեպի մեքենան եւ հեռացավ, որը ինձ համար շատ զարմանալի եւ անսպասելի էր։ Այդ ամենը տեսան նաեւ մեր անձնակազմի տղաները, եւ բոլորիս մոտ մի տեսակ զարմանք եւ հիասթափություն առաջացրեց նրա պահվածքը»,– պատմել է Նիկոլայը։
Նա նաեւ նշել է, որ եթե հստակ հրամաններ լինեին, զորքը, չնայած խուճապին, ի վիճակի էր դրանք կատարել։ Եթե Վահանյանը զորքի մոտ լիներ, դա, ըստ նրա, շատ բան կփոխեր։
Քննիչի հարցին՝ տեղյա՞կ էին, որ գրավված Հադրութի ուղղությամբ են շարժվում, տուժողը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ զորքի մասնատվելուց հետո նույնիսկ հակառակ խոսակցությունն է եղել, թե իբր յուրային զորքեր են Հադրութում։
Փորձագետ Արշակ Ալեքսանյան
Հաջորդիվ դատարանը հրապարակեց Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ, դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը։ Վերջինս Վահանյանին փորձաքննության է ենթարկել պատերազմից մոտ 5 ամիս անց, եւ տրված եզրակացության վերաբերյալ քննիչը նրան հարցեր է հղել։ Ալեքսանյանը այժմ ՀՀ–ում չէ։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
Հանրային մեղադրողը հայտնեց, որ իր ցուցմունքում փորձագետը նշել է, որ Վահանյանը ստացել է մարմնական վնասվածք աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով, որը պատճառվել է պայթյունից առաջացած բեկորի հետեւանքով, առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում, թեթեւ վնաս։
Զննությունից բացի այս եզրահանգման հիմք են հանդիսացել նաեւ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի թվագրմամբ բժշական հետազոտության փաստաթղթերը։ Նշենք, որ Վահանյանն ի սկզբանե ընդունվել եւ բուժզննում է անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Ելնելով վնասվածքի բնույթից՝ փորձագետը նշել է, որ Վահանյանը միանշանակ կարող էր ինքնուրույն գործողություններ կատարել եւ հանգիստ տեղաշարժվել։
Քննիչի հարցին, թե ինչու սեպտեմբերի 29-ի ենթադրյալ վիրավորմանն անդրադարձ չի արվել՝ փորձագետը պատասխանել է, որ այդ մասին Վահանյանը նշել է իր բանավոր խոսքում, սակայն դրանք իր համար հիմք չեն հանդիսացել, քանի բժշկական փաստաթղթեր առկա չեն եղել, իսկ միայն զննության տվյալներով հնարավոր չի եղել եզրակացություն տալ, քանի որ բավականին ժամանակ է անցել, եւ վերքն ունեցել է սպիի տեսք։
Նշենք, որ ըստ որոշ տուժողների՝ Վահանյանն իրականում հոկտեմբերի 10-ից առաջ է վիրավորվել (գուցե հենց սեպտեմբերի 29-ին), սակայն հոկտեմբերի 10-ին իր վերքը քչփորել է, որպեսզի մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի։
Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյան
Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը դատարան չի կարողանում ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նա շարքային Արտյոմ Մկրտչյանի հայրն է։ Արտյոմը բանակ է զորակոչվել 2020 թ․ հունիսի 27-ին։
Նախաքննության ժամանակ Հակոբ Մկրտչյանը պատմել է, որ պատերազմի ընթացքում կապի մեջ է եղել իր որդու հետ սերժանտ Հարություն Կարախանյանի հեռախոսահամարով։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 14-ին։ Որդին ասել է, որ 20 հոգով են, բայց չի հայտնել, որ շրջափակման մեջ են։ Այդ մասին հայրը հետագայում այլ ծնողների հետ հանդիպումներից եւ զրույցներից է իմացել։ Իմացել է նաեւ, որ նոյեմբերի 23–ին կամ 24–ին տղաները դեռ ողջ են եղել, քանի որ Կարախանյանի համարից զանգ է եղել ԱԻՆ։
«Լսել եմ, որ հոկտեմբերի սկզբին Ջաբրայիլի զորամասի զինվորներին, այդ թվում՝ որդուս, տեղափոխել են Հադրութ, 2–3 օր պահել դպրոցում, ապա տարել դիրքեր, որտեղից նրանց գումարտակի հրամանատար Վահանյանը փախել է՝ տղաներին թողնելով մարտի դաշտում։ Ընդհանուր խոսակցություններից հասկացել եմ, որ իրականում ոչինչ չի արել երեխաներին շրջափակումից հանելու համար»,– ասել է հայրն ու պահանջել, որ Վահանյանը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ։
Արտյոմ Մկրտչյանի դին հայտնաբերվել է 2020 թ․ նոյեմբերի 27-ի առավոտյան։ Թե կոնկրետ որտեղից, հայրը այդպես էլ չի իմացել։
Վկա Վարազդատ Հովհաննիսյան
Հաջորդիվ դատարանը հրապարակեց վկա Վարազդատ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս բացակայում է ՀՀ–ից։
Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Հովհաննիսյանը մեկնաբանել է Վահանյանի՝ սարի ներքեւում մնալու հանգամանքը․ «Վահանյանի կողմից մեր թիկուքնում մնալը պայմանավորված է նրանով, որ վերջինս չի ցանկացել առավել վտանգավոր վայր բարձրանալ եւ մեր վիրավոր ընկերներին բերելու համար որոշել է մեզ ուղարկել»։
Դատավոր Ջոն Հայրապետյանը
Հովհաննիսյանը պատմել է, որ երբ արդեն նահանջում էին, ինքը շրջվել է, որ հասկանա՝ ինչ հրաման պետք է ստանան, սակայն տեսել է, թե ինչպես է Վահանյանը վազելով իջնում սարից եւ նստում կանաչ մեքենան․ «Այդ ընթացքում կամավոր Արտյոմը գոռացել է՝ զորքդ մեղկ է, էրեխեքիդ մի կոտորի, սակայն Վահանյանը չի լսել եւ փախել է՝ մեզ թողնելով առանց հրամանատարի, զորքի մոտ առաջացել է խուճապ, քանի որ բոլորս եղել ենք նորակոչիկ եւ չենք հասկացել՝ ինչ գործողություններ պիտի կատարեինք, որպեսզի չզոհվեինք կամ չգերեվարվեինք»,– ասել է Հովհաննիսյանը։
Վկա Վահագն Բարսեղյան
Վկա Վահագն Բարսեղյանը մահացել է։ Նա եղել է 2-րդ վաշտի հրամանատարը։
Բարսեղյանի ցուցմունքը վերաբերում էր առավելապես հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում Իշխան Վահանյանի գործողություններին, որտեղ նա փորձել է շտապօգնության մեքենայով վիրավորներին տեղափոխել, խոստացել վերադառնալ մյուսների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Վահանյանի մեղադրանքը, սակայն, այժմ վերաբերում է միայն Խուռհատ սարի իրադարձություններին։ Դրանց Բարսեղյանը տեղյակ չի եղել, նշել է միայն, որ հոկտեմբերի 11-ից սկսած՝ Վահանյանի հետ չեն կարողացել կապ հաստատել։
Վկա Սերգեյ Առաքելյան
Վկա Սերգեյ Առաքելյանը եղել է 2-րդ վաշտի կրտսեր սերժանտ։ Նա ներկայումս ՌԴ–ում է։
Առաքելյանը եւս ցուցմունք է տվել Նյուզգար կոչվող տեղամասում իրադարձությունների մասին, պատմել, որ Իշխան Վահանյանը մեքենայից դուրս չի եկել, խոստացել է, որ կվերադառնա վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։
Վկա Լեւոն Հայրապետյան
Նույն դրվագի մասին նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաեւ պայմանագրային ծառայող, վարորդ Լեւոն Հայրապետյանը։ Նա նշել, է, որ այն ճանապարհը, որով Վահանյանը պարտավորվել է վիրավորներին զորամաս տեղափոխելուց հետո վերադառնալ, հակառակորդի հսկողության տակ չի գտնվել։ Թեեւ ռմբակոծվել է, սակայն երթեւեկելը հնարավոր եղել է, եւ ինքը դրանից հետո այդ ճանապարհով մի քանի անգամ երթեւեկել է։
Վկա Դմիտրի Սարգսյան
Վկա Դմիտրի Սարգսյանը Արցախի բնակիչ է, ծառայել է 1-ին դասակի 1-ին վաշտի 1-ին ջոկում։
Նախաքննության ժամանակ նա պատմել է, որ Խուռհատ սարում Վահանյանը տվել է դիրքավորվելու հրաման։ Երբ հակառակորդը հարձակվել է, ինքը շրջվել է, որպեսզի հասկանա, թե ինչ հրաման պիտի ստանան, սակայն տեսել է, թե ոնց է Վահանյանը նստում կայանած ավտոմեքենան եւ փախչում այդ վայրից։ Ըստ վկայի՝ սարից իջնելուց հետո կամավորական Արտյոմը կապ է հաստատել Վահանյանի հետ, հարցրել, թե ինչու է փախել, զորքին մենակ թողել, նա էլ պատասխանել է, թե վիրավոր է։
Այս վկայի խոսքով եւս՝ Վահանյանի փախուստից զորքի մոտ խուճապ է առաջացել։
Վկա Արազ Խաչատրյան
Արազ Խաչատրյանը եղել է 3-րդ ջոկի զինծառայող։ Նախաքննության ժամանակ խոսելով Խուռհատ սարի դեպքերից՝ նա պատմել է, որ շատ զոհեր եւ վիրավորներ են ունեցել, զորքը խառնված վիճակում է եղել, եւ Վահանյանը մարտի դաշտից փախուստի է դիմել։ Խաչատրյանը նկարագրել է նաեւ, թե ինչպես է Հայկազ Գրիգորյանի ղեկավարած խմբով քայլելով դուրս եկել շրջափակումից։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)