Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
17:31 - 19 մարտի, 2024

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Խորհրդարանը մարտի 19-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

Թեկնածուի կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածու Ծովինար Վարդանյանը նախ շնորհակալություն է հայտնել խմբակցությանը նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա մանրամասնել հանձնաժողովի գործունեության իր տեսլականը:

Նրա գնահատմամբ հանձնաժողովն առանցքային դերակատարում ունի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների փոխգործակցության համատեքստում, մասնավորապես այն առումով, որ գործ ունենք երկրի թիվ մեկ քաղաքական փաստաթղթի հետ: Թեկնածուի կարծիքով խորհրդարանական երկրում այս հանձնաժողովի դերակատարությունն առավելապես կարեւոր է օրենսդիր մարմնի փոխզսպումների եւ հակակշիռների մեխանիզմի գործառույթների իրականացման համատեքստում: Նա խոսել է բյուջեի կատարողականի եւ նախագծի հաստատման շրջանում այս եւ խորհրդարանական մյուս հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին, կարեւորել ամենամյա բյուջեի մեկնարկի եւ ամփոփման միջեւ ընկած ժամանակահատվածում կատարվածը:

Որպես կարեւոր ուղղություն` Ծովինար Վարդանյանը մատնանշել է ֆինանսական ոլորտը, նշել, որ հանձնաժողովը մշակում եւ հաստատում է բանկային համակարգի օրենսդրությունը` սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ:

«Կարեւոր է ֆինանսական կայունության պահպանման ծրագրերի ու բարեփոխումների իրականացման ճանապարհին մշտական ուշադրության տակ պահել քաղաքացիների շահերը եւ ապահովել հավասարակշռված լուծումներ: Այս առումով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն իր առանձնահատուկ դերն ունի խորհրդարանում: Սպառողների իրավունքների տեսանկյունից էական նշանակություն ունի բանկային համակարգի եւ պետական կառույցների բալանսավորված աշխատանքը, մասնավորապես, այնպիսի բարեփոխումների համատեքստում, ինչպիսիք են` կանխիկի սահմանափակումը կամ եկամուտների հայտարարագրումը»,- ընդգծել է թեկնածուն:

Օրենսդրական աշխատանքի համատեքստում պատգամավորն ընդգծել է հետօրենսդրական վերահսկողության գործիքի ակտիվ կիրառումը, հանձնաժողովի սերտ աշխատանքն ԱԺ բյուջետային գրասենյակի եւ Հաշվեքննիչ պալատի հետ:

Շնորհավորելով հանձնաժողովի նախկին նախագահ Գեւորգ Պապոյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել նրան եւ հանձնաժողովի մյուս անդամներին մինչ այս պահը կատարած աշխատանքների համար:

Թեկնածուն հանձնաժողովի աշխատանքներում ընդգծել է ներառականության ապահովման սկզբունքը, ժողովրդավարության հաստատման ճանապարհին կարեւորել ընդդիմության հետ կառուցողական աշխատաոճը, մասնագիտական քննադատությանն ականջալուր լինելն ու դրանց արդյունքում օրենքների փոփոխությունները բովանդակային առումով սրբագրված վիճակում հանրությանը ներկայացնելը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն`  մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը: 59 կողմ ձայնով Ծովինար Վարդանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել