ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ
17:33 - 19 մարտի, 2024

ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿ

Մարտի 12-ին Եվրոպական Միության խորհրդարանը ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի համար պարտադիր ուժ չունեցող բանաձեւ, հայտարարելով, որ «եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ֊Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

Արձագանքելով ընդունված բանաձեւին, վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ…»

Հաշվի առնելով, որ Փաշինյանը դիմում է Հայաստանի քաղաքական ուժերին՝ հարցի մասին դիրքորոշում հայտնելու ակնկալիքով, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

  1. Վերջին շրջանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վտանգավոր աստիճանի ահագնացող հակամարտությունը սպառնում է համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգությանը, խարխլում է առանց այդ էլ հակամարտությունների կարգավորման համար անբավարար ուժ ունեցող միջազգային իրավունքը եւ նրա համաշխարհային ինստիտուտների արդյունավետությունը, ինչը՝ գումարած Հայաստանի իշխանությունների անխոհեմ քաղաքականությանը, առաջացրել է աննախադեպ սպառնալիքներ մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։
  2. Նման իրավիճակում եւ նման ժամանակաշրջանում Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմումը, եթե այն տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացմանն եւ խզման համատեքստում, կարող է խախտել Հայաստանի կողմից պատմականորեն վարվող բալանսի քաղաքականությունը եւ առաջացնել տարածաշրջանային խաղացողների դիմադրության հետ կապված լրջագույն ռիսկեր, որոնք հավասարապես վերաբերում են և՛ մեր անվտանգության, և տնտեսական ապահովության կենսական շահերին։
  3. Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի փորձը պետք է որ ցույց տված լիներ, թե մարդկային կյանքի, տարածքների եւ տնտեսական ինչպիսի հսկակայական կորուստների հետ է կապված եղել ոչ պատշաճ միջավայրում եւ ոչ պատշաճ ժամանակաշրջանում կատարված քայլերը։ Այդ ռիսկերը բազմապատկվում են գլոբալ հակամարտության այսօրվա աննախադեպ իրավիճակում։
  4. Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել հանրությանը Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակի համար պաշտոնապես դիմելու արդյունքում առաջացող սպառնալիքների, մարտահրավերների եւ ռիսկերի մանրամասն հաշվարկ, ինչպես նաեւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ երաշխիքների եւ այլընտրանքների գոյության եւ հնարավորությունների մանրակրկիտ հիմնավորում, անվտանգության եւ տնտեսության բնագավառում բոլոր մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ միջոցառումների իրատեսական ծրագիր։ Այս գործը կարող է անել միայն իշխանությունը, որովհետեւ միայն նա է տիրապետում այդ հաշվարկների եւ ծրագրի մշակման համար անհրաժեշտ տեղեկությունների, ներառյալ դիվանագիտական բանակցությունները, ռազմական եւ տնտեսական ռեսուրսները եւ դրանց պոտենցիալ կորուստների հետ կապված փոխհատուցման երաշխիքները։  
  5. Այն հանգամանքը, որ իշխանությունները նման հաշվարկներով եւ ծրագրով հանդես չեն գալիս, եւ փոխարենը՝ դիրքորոշում ներկայացնելու առաջարկով դիմում են երկրի քաղաքական ուժերին, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հրաժարվում են առաջնորդելու սահմանադրական գործառույթից, խուսափում են ճակատագրական որոշումներ կատարելու պատասխանատվությունից եւ ամբողջ հույսը դրել են հանրության հուզումնալից պոռթկումները մանիպուլացնելու հոգեհարազատ մեթոդի վրա։ Այդ գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չի պետական կառավարման եւ ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է բացառապես մակերեսային ամբոխահաճո կրքերով, շահադիտական նպատակներով եւ արկածախնդրությամբ։
  6. Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոթորկալից հակամարտությունների միջավայրում, որոնց վերջնական հանգուցալուծման արդյունքները հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, Հայաստանի կենսական շահերից է բխում հավասարակշռված քաղաքականության վարելը, ինչը թույլ կտա մի կողմից՝ հեռու պահել մեր երկիրը գերտերությունների միջեւ կռվադաշտի վերածվելու աղետալի վտանգից, մյուս կողմից՝ բարելավել հարաբերությունները բոլոր ուղղություններով եւ դառնալ խաղաղ եւ կայուն համագործակցության ու ներդրումների հանգույց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել