Տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումը վտանգավոր է. ՍԱՏՄ -ն հորդորում է հետևել մի շարք կանոնների` թունավորման ռիսկերը նվազեցնելու համար
10:06 - 20 մարտի, 2024

Տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումը վտանգավոր է. ՍԱՏՄ -ն հորդորում է հետևել մի շարք կանոնների` թունավորման ռիսկերը նվազեցնելու համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հիմնվելով տնայնագործ պահածոներից մարդկանց թունավորման հետ կապված ահազանգերի մտահոգիչ վիճակագրության վրա, հորդորում է խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից:

«Ոչ ճիշտ տեխնոլոգիայով, սանիտարահիգիենիկ աննպաստ պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել տարբեր բակտերիաներ և միկրոօրգանիզմներ, որոնք հանգեցնում են թունավորումների: Սա հատկապես հավանական է, եթե պահածոն չի ենթարկվել համապատասխան ջերմային մշակման կամ բավականաչափ սառեցված չէ, որպեսզի սպանի բակտերիաները:

Տանը պատրաստված պահածոներից թունավորման ամենատարածված հիվանդությունը բոտուլիզմն է. ոչ պատշաճ ջերմային մշակման արդյունքում պահածոյի մեջ ակտիվանում է Clostridium botulinum բակտերիաին, որի արտադրած թույնը կարող է առողջական լուրջ խնդիրների և, նույնիսկ, մահվան պատճառ դառնալ:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը, իսկ ախտանիշները, սովորաբար, ի հայտ են գալիս բակտերիայի ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Համաձայն վիճակագրության՝ 2022 թվականին արձանագրվել է բոտուլիզմի թունավորման 13 դեպք (2-ը մահվան ելքով), իսկվ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10-ը: Դեպքերի 80%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում։ Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից:

Սակայն, եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածո, ապա մինչ ուտելը հետևեք մի քանի պարզ կանոնների՝

- մի գնեք պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

- օգտագործելուց առաջ ենթարկեք այն ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

- պահածոն բացելուց հետո ցանկացած տհաճ հոտի կամ համի դեպքում հրաժարվեք օգտագործել այն,

- թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշների հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք բժշկի:

Եվ, եթե ձեզ համար տանը պահածո պատրաստելը սկզբունքային է, ապա հիշեք և պահպանեք անվտանգության հետևյալ նորմերը.

- օգտագործեք վստահելի աղբյուրների բաղադրատոմսեր (պաշտոնական ուղեցույցներ), մի փոխեք բաղադրիչների համամասնությունները կամ պատրաստման եղանակները՝ առանց բավարար փորձի, հետևեք սննդի մշակման առաջարկվող ժամերին և ջերմաստիճաններին,

- պահպանե՛ք մաքրությունը և հիգիենան. աշխատանքն սկսելուց առաջ լվացե՛ք ձեռքերը և մաքրե՛ք այն մակերեսները, որոնց վրա աշխատելու եք,

- պատշաճ կերպով մանրէազերծեք սարքավորումները և հերմետիկ փակեք ապակե տարաները. դա կարելի է անել՝ դրանք մի քանի րոպե ընկղմելով եռացող ջրի մեջ կամ դնելով բարձր ջերմաստիճանի ջեռոցում,

- օգտագործեք մթերքի միայն թարմ, որակյալ բաղադրիչներ, համոզվեք, որ դրանք վնասված չեն, պատշաճ կերպով մշակեք նախքան ապակե տարաների մեջ դնելը, իսկ բանկաների մեջ դնելուց հետո համոզվեք, որ կափարիչները ամուր ամրացված են. դա անհրաժեշտ է սննդի աղտոտումը պահածոյացումից հետո կանխելու համար,

- պահածոյացումից հետո բանկաները պահեք զով, չոր, մութ տեղում:

Հետևելով այս կանոներին, դուք կարող եք նվազագույնի հասցնել պահածոներից սննդային թունավորման ռիսկերը:

Արտադրական պահածոյացումը թեև առավել անվտանգ է, սակայն ցանկացած պահածո գնելիս ուշադրություն դարձրեք դրա պիտանիության ժամկետին, պահման պայմաններին և, իհարկե, տարան բացելուց հետո օգտագործման առաջարկվող նորմերին:

Արտադրական պահածոների հետ կապված ցանկացած խախտում կամ անհամապատասխանություն նկատելու դեպքում զանգահարեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել