armenpress.am: Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին մարտի 24-ին ներխուժած անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակված 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են»,- ասաց Սարգսյանը։
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ, և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը 55-ամյա Ա․ Մ-ն է։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն,որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
comment.count (0)