news.am: Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի պահանջը արտահանձնելու բոլոր այն անձանց, ում Մոսկվան համարում է Ռուսաստանի տարածքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ կապված, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԽ ղեկավար Վասիլի Մալյուկին, «հատկապես ցինիկ է հնչում, քանի որ այն գալիս է հենց ահաբեկչական պետությունից»,- հայտնում է Reuters-ը։
Ռուսական հայտարարությունն անուղղակիորեն վերաբերում էր Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամերիկացի պաշտոնյաները շեշտում են, որ իրենք տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ դա իրականացրել է ԻՊ Խորասանի աֆղանական մասնաճյուղը։
Անցյալ շաբաթ ռուս քննիչները հայտարարեցին, որ ապացույցներ են գտել, որ հարձակվողները կապված են եղել «ուկրաինացի ազգայնականների» հետ։ Կիևը կտրականապես հերքում է որևէ կապ հարձակման հետ։
Ռուսական լրատվական գործակալությունները կիրակի օրը մեջբերել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքը, որ աշխատանքները շարունակվում են հարձակման հետևում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ուկրաինայի ԱԽ-ն անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու գործով Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանին, ասել է, որ «Հագայի տրիբունալը սպասում է նրան»։
comment.count (0)