Եռակողմ հանդիպումը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, նրա ժողովրդավարության, տնտեսության և կայունության մասին է։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս հայտարարությունն է արել ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։
Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացը այս հանդիպման առանցքային թեմաներից չէ։
«Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- եզրափակել է Միլլերը։
Հիշեցնենք՝ Բրյուսելում կարանալիք հանդիպման մասին հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:
comment.count (0)