armenpress.am: «Գոյ« թատրոնի ռեժիսորներն ու դերասանները ապրիլի 2-ին բողոքի ակցիա են կազմակերպել թատրոնի մոտ, քանի որ ցանկացել են թատրոն մտնել «Գոյ»-ի գլխավոր մուտքից ու պարզել, որ այն փակ է:
Ստեղծագործողները մտել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որին ՀՀ կառավարության որոշմամբ միացվել է «Գոյ»-ը, հասկանալու, թե ինչո՞ւ է «Գոյ»-ի մուտքը փակ:
Այնտեղ նրանց հանդիպեց ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ ներս մտնելու համար «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները պետք է անվտանգության համակարգում իրենց տվյալները լրացնեն, ինչից հետո կունենան քարտեր, որոնց օգնությամբ կարող են մտնել թատրոն: «Բնական է, որ նրանք հիմա չունեն քարտեր, քանի որ դրանք պետք է պատվիրվեն: Սունդուկյան թատրոն բոլորը էլեկտրոնային քարտով կամ չիպով են ներս մտնում»,-շեշտեց Ներսիսյանը:
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանն էլ շեշտեց, որ աշխատանքային պայմանագիր կնքել է «Գոյ» թատրոնի հետ և մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը չի համարվում Սունդուկյանի անվան թատրոնի աշխատակից:
«Գոյ»-ի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն էլ հիշեցրեց՝ իրենց ծանուցել են, որ պետք է գան ու թարմացված պայմանագիր ստորագրեն մինչև ապրիլի 22-ը: «Կան մարդիկ, որ մինչև ապրիլի 22-ը իրավունք ունեն մտածելու, հետո այդ թարմացված պայմանագիրը ստորագրելու, կամ ոչ: Քանի որ մենք ունենք մինչև ապրիլի 8-ը, ապրիլի 15-ը և ապրիլի 22-ը ժամանակ, ըստ ծանուցման ամսաթվի, մենք պահանջում ենք, որ «Գոյ»-ի մուտքը բաց լինի և մինչև հին պայմանագրի լրանալը մեր աշխատանքային տարածք մտնենք «Գոյ»-ի մուտքով: Երբ լրանա ժամկետը, կմտածենք թարմացնե՞լ այն, թե՞ ոչ»,-ասաց դերասանը:
Հրաչ Ներսիսյանն էլ ընդգծեց, որ 2024 թվականի հունվարի 30-ից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին, ուստի բոլորը պետք է Սունդուկյանի անվան թատրոնի ծառայողական մուտքով ներս մտնեն:
«Գոյ»-ի ներկայացուցիչներից մի քանիսը լրագրողների ուղեկցությամբ մտան «Գոյ» թատրոնի տարածք, որտեղ «Գոյ»-ի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց՝ հույս ունի, որ մի օր թատրոնում կրկին հանդիսատես կլինի:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն «Գոյ»-ի բեմում:
comment.count (0)