Վանո Սիրադեղյանի որդին դեմ է իր հոր վերաբերյալ քրեական գործը մահվան հիմքով կարճելուն
17:00 - 03 ապրիլի, 2024

Վանո Սիրադեղյանի որդին դեմ է իր հոր վերաբերյալ քրեական գործը մահվան հիմքով կարճելուն

Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված էր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։

Խոսքն այն բազմադրվագ գործի մասին է, որի շրջանակում Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ է ներգրավված դեռ 1999 թվականից, եւ որի քննությունը 2022 թ․–ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերսկսվել է, սակայն բովանդակային քննություն դեռեւս չի իրականացվել։

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է։ Այս կանոնը, սակայն, չի գործում, եթե մահացածի շահերի ներկայացուցիչը կամ իրավահաջորդը առարկում է դրա դեմ։ Վանո Սիրադեղյանը, հիշեցնենք, մահացել է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին։ Այժմ նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն է դատարանում հանդիսանում նրա իրավահաջորդը։

Այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը տեղեկացրեց, որ դատարանը ծանուցումներ է ուղարկել տուժողներ Արայիկ Աբաջյանին, Մերուժան Աբրահամյանին, Խաչատուր Աթաբեկյանին, Վահան Խաչատրյանին, Գուրգեն Եղիազարյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վլադիմիր Գրիգորյանին, Սուրիկ Բոյախչյանին, Յուրի Մկրտչյանին Տիրայր Առաքելայնին, Կիմ Բալայանին, Արմեն Սիմոնյանին, Ամալյա Փխրուկյանին, Հարություն Սուքիասյանին, Ռոմիկ Ավետիսյանին, Կառլեն Ղանդիլյանին, Մայիս Ռաֆայելյանին, Արթուր Հակոբյանին, Արտավազդ Ապրոյանին, Օլեգ Իսահակյանին եւ Վահե Շավայանին։

Մի մասի ծանուցումների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, երկու դեպքում ծանուցումները վերադարձվել են՝ «մահացած» նշումով, երկու դեպքոմ՝ «անհայտ» նշումով, մեկի դեպքում՝ «բացակա» նշումով, մեկի դեպքում՝ «տեղափոխված» նշումով, մեկի դեպքում՝ «չի պահանջվել» նշումով, յոթի դեպքում՝  «չպահանջված» նշումով․ «4 հոգի՝ Արայիկ Աբաջյանը, Մերուժան Աբրահամյանը, Խաչատուր Աթաբեկյանը եւ Վահան Խաչատրյանը, համարվում են պատշաճ ծանուցված»,– ասաց դատավորը՝ հետաքրքրվելով, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն տուժողների բացակայության պայմաններում գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը այս փուլում խոչընդոտ չտեսավ, պաշտպանական կողմը դիրքորոշում չհայտնեց։

Դատավորը հետաքրքրվեց՝ պաշտպանական կողմը ծանոթացե՞լ է գործի նյութերին, ինչին ի պատասխան Խաչատուր Սիրադեղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ մասամբ են ծանոթացել՝ մոտ 30 հատորին․ «Ամբողջ ծավալով հնարավորություն չեղավ ուսումնասիրելու եւ պատճենելու, հետեւաբար այն մասով, որը բացակայում է, եւ դատարանում ավելի ծավալուն է, դատարանից կարող ենք վերցնել»,– ասաց փաստաբանը։

«Ամեն դեպքում, դատարանի հետ կապ հաստատել եք կամ դատարանի աշխատակազմն է կապ հաստատել Ձեր կամ Խաչատուր Սիրադեղյանի հետ, որպեսզի գաք եւ ծանոթանաք, բայց այդպես էլ չեք եկել եւ չեք ծանոթացել»,–նշեց դատավորն ու հարցրեց՝ ծանոթացած մասը բավարա՞ր է առաջ շարժվելու համար։

«Ցանկալի կլիներ, որ ամբողջությամբ ժամանակը բավարարեր, նայեինք, նոր շարունակեինք, նյութերի մի մասին չենք հասցրել ծանոթացել մեր ժամանակի բացակայության պատճառով»,– պատասխանեց Եգորյանը։

Դատավորի հարցին՝ նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ միջնորդություններ կա՞ն, փաստաբանը պատասխանեց, որ չի կարող բացառել, որ իրենց անհասանելի մի քանի հատորին ծանոթանալով՝ նման միջնորդություն կունենան․ «Պարոն Սիրադեղյանը ոչ թե երկմտում է գործի կարճման հետ կապված միջնորդություն ներկայացնել–չներկայացնելու հարցում, այդպիսի հարց չունի, նա ցանկանում է խորանալ գործի մեջ եւ փորձել անել իրենից կախված անհրաժեշտը այդ խնդրի շրջանակում, այնպես որ նման մտավախություն դատարանը եւս կարող է չունենալ, մենք անակնկալի չենք պատրաստվում բերել հաջորդ նիստում կամ որեւէ նիստում՝ ասելով, որ ցանկանում ենք այս հիմքով կարճել վարույթը, խոսքը վերաբերում է ընթացարգային միջնորդություններին»,– նշեց նա։

Դատավորը որոշեց հետաձգել նիստը՝ դարձյալ ժամանակ տալով պաշտպանության կողմին․ «Հաշվի առնելով, որ մերձավոր ազգականը չի ցանկանում անձի մահվան հիմքով քրեական գործը կարճել, այս առումով դատարանը պաշտպանական կողմի իրավունքն առավելապես իրացնելու նպատակով մեկ անգամ եւս հնարավորություն կընձեռի անհրաժեշտ նյութերին ծանոթանալու համար, որպեսզի համապատասխան միջնորդություններ լինելու դեպքում ներկայացվեն, հակառակ դեպքում կստացվի, որ թեեւ գործի քննությունը շարունակում ենք, բայց իրական հնարավորություն չենք ընձեռում»,– ասաց նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 22-ին՝ ժ․ 10-ին։

Հիշեցնենք՝ 1999 թ․ փետրվարի 19-ին Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գրեթե 3 ամիս անց՝ մայիսի 3-ին, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության  համար։

Ձերբակալումից ազատվելուց հետո Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը մինչեւ 2000 թ․ ապրիլ ամիսը, երբ Խորհրդարանը բավարարել է Դատախազության միջնորդությունը եւ զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի այդ որոշումից հետո նա լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ դարձյալ հայտարարվել է հետախուզում։

2000 թ․ ապրիլին դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրի հայտնի չլինելու հիմքով։

Ավելի քան 2 տասնամյակ կասեցված մնալուց հետո գործի ընդդատությունը փոխելու անհրաժեշտություն է ծագել։ Բանն այն է, որ 2021 թ․ ընդունվել եւ 2022 թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի քրեադատավարական նոր օրենդրությունը, որի շրջանակում սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ։ Ցանկում ներառված հանցագործությունների վերաբերյալ գործերը ենթակա են քննության ոչ թե Ընդհանուր իրավասության, այլ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում։ Ըստ այդմ, Ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնց դատաքննությունը դեռ սկսված չի եղել, պետք է ուղարկվեին Հակակոռուպցիոն դատարան։

Քանի որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մեջ եւս կան կոռուպցիոն բնույթի, հանցանքներ, նրա վերաբերյալ քրեական գործը 2022 թ․ հոկտեմբեր ամսին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

 

Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Տիգրան Եգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել