5000 դրամանոց տուգանքը կդառնա 2800 դրամ. ՆԳՆ-ն մեղմացնում է տուգանքի նորմերը
 |armenpress.am|
16:30 - 03 ապրիլի, 2024

5000 դրամանոց տուգանքը կդառնա 2800 դրամ. ՆԳՆ-ն մեղմացնում է տուգանքի նորմերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ներքին գործերի նախարարությունը խրախուսական երկու նորմ է ներդնում, որոնցից մեկը կգործի ապրիլի 5-ից, մյուսը՝ մայիսի 1-ից: Դրանցից օգտվելու պարագայում 5000 դրամանոց վարչական տուգանքը կկազմի 2800 դրամ:  

Այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ 

Գնդապետ Չիլինգարյանը նշեց՝ փետրվարի 28-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է մարտի 26-ին և ուժի մեջ է մտնելու ապրիլի 5-ից՝ բացառությամբ որոշ դրույթների, որոնց հետ կան որոշակի ժամկետներ:  

«Օրենքի հիմնական ուղղվածությունը վերաբերում է երեք կարևոր հանգամանքի: Առաջին հերթին նախատեսել խրախուսական դրույթներ այն անձանց համար, ովքեր ունեն վարչական տուգանքի ձևեր և ցանկություն ունեն ժամանակից շուտ էլեկտրոնային եղանակով իրազեկվելու և դրանից հետո կատարելու իրենց վարչական ակտը: Երկրորդը վերաբերում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նորմ նախատեսելուն: Երրորդը՝ մինչև ապրիլի 5-ը, այսինքն, մինչև օրենքը ուժի մեջ մտնելը, կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կամ մինչև օրենքը ուժի մեջ մտնելը դրանց 50 %-ը վճարելու պարագայում, իսկ հարկադիր կատարման վարույթում գտնվելու դեպքում նաև կատարողական ծախսերը, այդ վարույթները ավարտված համարելուն վերաբերող դրույթներն են: Դրանից բացի, օրենքում փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի քանի հոդվածներում, որոնցով նվազեցվել է օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված՝ կանգառի և կայանման կանոնները խախտելու համար տուգանային միավորի ձևով պատասխանատվության միջոցը՝ 0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր: Եվ հաջորդ փոփոխությունը, որ արվել է տուգանքների մասում, դա ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար մեկ տարվա ընթացքում կամ կրկին յուրաքանչյուր հաջորդ անգամ հանելու, այսինքն, կրկնակիության համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձևով՝ 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավորի ձևով: Նշեմ, որ առաջին անգամ կատարվելու դեպքում տուգանքի չափը կազմում է 25 հազար դրամ՝ առանց տուգանային միավորի»,-ներկայացրեց նա:  

Պարեկային ծառայության պետի տեղակալը կատարված փոփոխությունները նկարագրեց ավելի մանրամասն:  

«Խրախուսական նորմերը երկուսն են, որոնցից մեկը ապրիլի 5-ից է ուժի մեջ մտնելու, մյուսը՝ մայիսի 1-ից: Ապրիլի 5-ից հետո ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը: 15-օրյա ժամկետում վճարելուց հետո վարորդը կվճարի 30 տոկոսով պակաս, այսինքն` նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելուց հետո կհամարվի պարտավորվածությունն ամբողջությամբ կատարված: 5000 դրամ տուգանքի պարագայում՝ 3500 դրամ, 10 հազարի դեպքում՝ 7000 դրամ: Բացառություն են կազմում վարչական ակտի բողոքարկման դեպքերը:  

Մայիսի 1-ից ուժի մեջ մտնող խրախուսական նորմը տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումներին է վերաբերում: Այն անձինք, որոնք նախապես մայիսի 1-ից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, ցանկություն կհայտնեն իրենց վարչական իրավախախտումների վերաբերյալ ծանուցվել էլեկտրոնային եղանակով, կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս տուգանք: Խրախուսական երկու նորմերը կարող են գործել նաև միասին: Եթե մայիսի 1-ից էլեկտրոնային եղանակով ծանուցվեք, այնուհետև օգտվեք 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմից, կստացվի, օրինակ՝ 5000-ի փոխարեն 4000 դրամանոց որոշում, այնուհետև 30 տոկոսով պակաս՝ 1200 դրամ էլ պակաս էլ կլինի, կստացվի 5000-ի փոխարեն 2800 դրամ»,-ներկայացրեց գնդապետը:   

Նա վստահեցրեց՝ առաջին հայացքից բարդ թվացող փոփոխությունները մտապահելը վարորդների համար դժվար չի լինի: Իսկ փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն առաջացել է՝ պայմանավորված էլեկտրական ծանուցման համակարգի անցնելու խնդրով, ինչը ավելի դյուրին կդարձնի գործընթացը: Գնդապետը նաև տեղեկացրեց, որ այս նոր փոփոխությունների ցանկը հանրությանն առավել հասանելի կդառնա հնարավոր բոլոր միջոցներով տարածելով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել