ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտ գրավել է Իսրայելի հետ առնչություն ունեցող նավը. իրանական ԶԼՄ-ներ |azatutyun.am|
16:48 - 13 ապրիլի, 2024

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտ գրավել է Իսրայելի հետ առնչություն ունեցող նավը. իրանական ԶԼՄ-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի մոտ բեռնանավ են գրավել՝ պնդելով, որ նավը «կապված է Իսրայելի հետ»:

IRNA պետական լրատվական գործակալությունը գրում է, որ Պորտուգալիայի դրոշով «MSC Aries» նավը, որը, ըստ իր տեղեկությունների, շահագործվում է մասամբ իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող նավային ընկերության կողմից, առգրավվել է ապրիլի 13-ին և տեղափոխվել Իրանի տարածքային ջրեր։

Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածում շարունակվող պատերազմի պատճառով Իրանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին և այս ամիս Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելին վերագրվող հարվածից հետո: Իրանը խոստացել է պատասխան հարված հասցնել ապրիլի 1-ին իրանցի յոթ զինվորականների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարի սպանության համար:

Միջադեպից հետո Իսրայելի բանակի խոսնակն ասել է, որ «եթե Իրանն ընտրի իրավիճակն ավելի սրելու տարբերակը, կկրի դրա հետևանքները. «Մենք բարձրացրել ենք Իսրայելը Իրանի հետագա ագրեսիայից պաշտպանելու մեր պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք նաև պատասխանել»: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ ավելի ուշ ասել է, որ Իրանը ղեկավարվում է «հանցավոր ռեժիմով, որն աջակցում է «Համաս»-ի հանցագործություններին և այժմ ծովահենական գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը»։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը տեղեկացրել էր ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին:

Associated Press գործակալության տվյալներով Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել