azatutyun.am: Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ։ «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։
«Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ»,- ասել է համազեկուցողը։
Հարցին, թե ինչ զիջումների ու պահանջների մասին է խոսքը, Քրիստոֆերսեն պատասխանել է՝ նախ Ադրբեջանի իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անխոչընդոտ աշխատանքի համար, այդ թվում՝ բանտեր այցելության համար, Ադրբեջանը պետք է կատարի նաև իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության համար։
Համազեկուցողը հիշեցրել է, որ 2023-ի հունիսի 3-ից 7-ը Բաքվում գտնվող Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալներին, ու թեև երկրի արդարադատության նախարարը խոստացել է, որ իրենց նման հնարավորություն կտրվի հաջորդ այցի ժամանակ, սակայն նոյեմբերին կայացած այցի ընթացքում կրկին արգելքի են բախվել։
ԵԽԽՎ-ն 2023-ի հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։
Նման որոշման պատճառը Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների՝ Ադրբեջանում ազատ աշխատելու արգելքն էր, ինչպես նաև ԵԽԽՎ մյուս զեկուցողներ Հաննա Բարդելի և Փոլ Գավանի Ադրբեջանում չընդունելը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այն ժամանակ հայտարարեց, որ ընդունված բանաձևում Վեհաժողովը նաև վկայակոչել է 2023-ի հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում կառույցը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները»:
comment.count (0)