Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են»,- գրել է խոսնակը։
Նա նշել է, որ անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։
«Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից»,- հայտարարել է Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է նաև, որ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ։
Ավելի վաղ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները տեղափոխում և շտապ օգնության մեքենան նստեցնում մի քաղաքացու։ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։
comment.count (0)