Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
09:24 - 24 ապրիլի, 2024

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է.

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար: Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը: Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ: Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում: Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել